Հայաստանից ԵԱՏՄ երկրներ գնացող գիտնականներն իրենց գիտական աշխատանքները կրկնակի պաշտպանելու կարիք չեն ունենա: Այս մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը Ազգային ժողովում ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը՝ հիշեցնելով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին, և որ ԱԺ-ի կողմից համաձայնագրի վավերացումը նպատակ ունի կարգավորելու գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման, ինչպես նաև ԵԱՏՄ պետություններում աշխատանքի տեղավորման, մասնագիտական գործունեություն իրականացնելու հարցերը:
«Համաձայնագրի վավերացման պարագայում եթե մեր գիտնականը գնա ԵԱՏՄ անդամ երկիր, դիցուք՝ Ղազախստան, նա չպետք է անցնի Ղազախստանում գիտական աստիճանների պաշտպանություն, այսինքն՝ նորից չպետք է պաշտպանի: Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ ԵԱՏՄ տարածքում գիտնականների կամ գիտական աստիճան ունեցող անձանց շարժունության պարագայում կրկնակի փորձաքննության և ազգային ընթացակարգերով գիտական աստիճանը հիմնավորելու կարիք չի առաջանա»,- ասաց փոխնախարարը:
Կա մի բացառություն, այն է՝ երբ ատենախոսությունը կամ գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթը մինչև համաձայնագրի վավերացումն է ներկայացվել փորձաքննության և մերժվել է: Այդ մերժումը համաձայնագրի վավերացմամբ ավտոմատ չի վերանում:
Մի բացառություն կա, որի դեպքում ԵԱՏՄ անդամ պետությունները կարող են պահանջել ազգային ընթացակարգերի անցկացում, եթե գիտական աստիճան ունեցողները հավակնում են աշխատանքի տեղավորվել տվյալ երկրում գործող կառույցների համար գործող հավելավճարների ստացմամբ:
«Այսինքն՝ ստացվում է, որ որևէ պարագայում՝ անգամ վավերացնելուց հետո, մենք չենք սահմանափակի մեր իրավասությունը, որպեսզի հավելավճար տրամադրելու պարագայում նորից իրենց մղենք, որ այդ գիտնականները Հայաստանում աշխատող իրենց աստիճաններն ապացուցող ազգային ընթացակարգ անցնեն»,- ասաց նա և ներկայացրեց նաև վիճակագրություն. «Տարեկան մոտ 20 հոգի գալիս էր մեզ մոտ, և մոտ 20 հոգի էլ մեր մոտից գնում էր ԵԱՏՄ անդամ երկրներ»:
Համաձայնագիրն այս պահին ԵԱՏՄ երկրներից Հայաստանում և Ղազախստանում ներպետական ընթացակարգերի վավերացման փուլերում է, իսկ Ռուսաստանում, Ղրղզստանում և Բելառուսում այն արդեն իսկ հաստատվել է:
Հարակից զեկուցող Նարեկ Բաբայանը նշեց, որ նախագիծը կարող է շահավետ լինել նաև ԵԱՏՄ երկրներում գիտական կոչում ստացած հայ գիտնականների համար: Դրանից կարող են օգտվել նաև ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները, որոնք ունեն գիտական աստիճաններ: