Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումներով նախատեսվում է ընդլայնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության համար անհրաժեշտ տեղեկատվության շրջանակի ընդլայնումը՝ հիմնված միջազգային փորձի վրա: Բազմաթիվ երկրներում վաղուց շատ ավելի լայն հասանելիություն է նախատեսվում: Նախագծով սահմանվում է, որ ամեն տարի Կենտրոնական բանկի միջոցով հարկային մարմինը պետք է տեղեկություններ ստանա հարկ վճարողների բանկային հաշվի շարժի ընդհանրական տվյալների վերաբերյալ:
Օրենսգրքում առաջարկվող կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացնելով՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ խոսքն անհատականացնող տվյալների, գործարքի մակարդակում բանկային գաղտնիք ստանալու մասին չէ, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց դեպքում տվյալ բանկային հաշվով կատարված ընդհանուր շարժի՝ տարեկան մուտքերի ու ելքերի, ընդհանուր շրջանառության մասին է: «Նպատակն է դա ինտեգրել մեր ռիսկերի համակարգի հետ և համադրել տվյալները: Օրինակ՝ ֆիզիկական անձանց դեպքում խոսքը վերաբերում է բացառապես հայտարարատու անձանց՝ այն նույն հաջորդականությամբ, ինչպես դառնալու են հայտարարատու: Օրինակ՝ այս տարի հայտարարագիր ներկայացնելու են պետական համայնքային ծառայողները, մեկ միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունների բաժնետերերը, 20 մլն դրամ և ավելի փոխառության հարաբերություն ունեցողները: Այդ տվյալները համադրելու ենք հայտարարագրում նշված այլ տվյաների հետ: Իրավաբանական անձանց դեպքում է ինտեգրելու ենք իրենց ներկայացրած հաշվարկների հետ և դուրս ենք բերելու ռիսկերը»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը: Կան նաև կարգավորումներ, որոնք վերաբերում են հետագա վարչարարության ընթացքում պահանջվող այլ բնույթի տեղեկություններին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ծովինար Վարդանյանը: