Երբ ԱՊՊԱ պայմանագիր չկնքած քաղաքացին տուգանվում է Պարեկային ծառայության կողմից, ըստ գործող օրենքի՝ նա պետք է վճարի 100 հազար դրամ տուգանք: Այս տուգանքին զուգահեռ գործում է նաև խրախուսող նորմ, ըստ որի՝ քաղաքացուն հնարավորություն է տրվում վճարել տուգանքի 25 տոկոսը՝ 25 հազար դրամը, եթե խախտման արձանագրումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, քաղաքացին կնքի ԱՊՊԱ պայմանագիր և այն կներկայացնի իրավապահ մարմիններին՝ Պարեկային ծառայությանը: Այդ մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
«Ըստ առաջարկվող փոփոխության՝ քաղաքացին այլևս պարտավորված չի լինի նշված կտրոնը ֆիզիկապես ներկայացնել Պարեկային ծառայությանը, քանի որ այդ տեղեկատվությունը պայմանագրի կնքման պահից ի վեր հասանելի է համապատասխան առցանց հարթակում, որը հասանելի է նաև Պարեկային ծառայությանը»,- ասաց Աղաջանյանը և հավելեց, որ նախագծի ընդունման արդյունքում կթեթևանա Պարեկայն ծառայության վարչարարությունը, մյուս կողմից` քաղաքացիները կազատվեն անիմաստ բյուրոկրատական քաշքշուկներից:
Անդրադառնալով նախագծին՝ հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը հայտարարեց. «Քաղաքացին այլևս ստիպված չի լինի ԱՊՊԱ պայմանագիր ունենալու ապացույցը ներկայացնել ոստիկանություն»: