Հաշվի առնելով հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ 2024 թ․ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված 5 անձանցից մեկը ազատվել է արգելանքից, իսկ 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այդ մասին ասված է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքի էջում:
«Վերջիններիցս մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը՝ կատարված զենքի գործադրմամբ) և դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Մյուս երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված խմբի կազմում)։
Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանցից մեկի նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, և նրանք ազատ են արձակվել։
Նախաքննությունը, բնականաբար, շարունակվում է»,- նշված է գրառման մեջ։