Վերջին շրջանում մաքսանենգ ճանապարհով առանց ակցիզի ոգելից խմիչքների ու ծխախոտի ներկրման դեպքեր են արձանագրվել: Արձանագրվել են նաև թմրանյութերի ներկրման հետ կապված դեպքեր: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ, Ազգային ժողովի նիստին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
ՊԵԿ նախագահը հաստատեց՝ եղել են թե՛ առանց ակցիզի ծխախոտի առգրավման դեպքեր, թե՛ հարուցված քրեական վարույթներ, անցած տարվա ընթացքում նաև լուսաբանվել են՝ ինչքան է պետության պատճառված վնասը, և թե ինչքանն է վերականգնվել:
Ինչ վերաբերում է թմրաշրջանառության վերջին դեպքերին, ապա, ըստ Բադասյանի, վերջին բոլոր խոշոր բացահայտումները տեղի են ունեցել հարավային սահմանին:
«Անցումը կատարվել է ոչ թե մաքսակետով, որքանով մենք ենք տեղյակ, այլ գետի վրայով՝ նետման միջոցով: Մեթամֆետամինի դեպքեր են եղել վերջին խոշոր դեպքերը:
Մենք միշտ մոնիթորինգ ենք անում՝ տեսնելու համար՝ դրանք մաքսակետո՞վ են անցել, թե՝ չէ: Բայց ասվածն ամենևին չի նշանակում, որ մենք մաքսակետում ռիսկ չունենք, կամ ամեն օր Հայաստան ուղարկվող փոստային առաքանիների ռիսկ չունենք, և մշտապես հայտնաբերվում է: Պարզ է, որ որոշ ծավալ էլ չի հայտնաբերվում, և նույնիսկ եվրոպական զարգացած երկրների փորձը երբ նայում ենք, տեսնում ենք, որ մաքսային հսկողության գոտիներում դեռ ունիվերսալ լուծում գտնված չէ: Դա թե՛ շնագիտական մարմնի կարողությունների զարգացումն է, որով մենք զբաղվել ենք, թե՛ նոր սկանավորման միջոցներն են, որոնք կրկին ուսումնասիրել ենք և պատրաստվում ենք գնումներն անել»,- ասաց Բադասյանը:
ՊԵԿ նախագահը նաև նշեց՝ սահմանին ունենք ռիսկի նվազեցման միջոցառումներ, այսինքն՝ Հայաստան մտնող ոչ բոլոր ապրանքներն ու բեռնատարներն են, որոնց մասով ռիսկի նվազեցման ցուցում է գալիս: