Հայաստանի և Ավստրիայի կառավարությունները միմյանց հետ արագ և արդյունավետ ընթացակարգեր կունենան երկու երկրների տարածքներում գտնվող, սակայն անկանոն կարգավիճակ ունեցող կամ դրա թույլտվությունը չունեցող քաղաքացիների հետընդունման հարցում: Այդ մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը ԱԺ-ում ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ արդյունքում առաջարկվում է կանոնակարգել ռեադմիսիոն պրոցեսները Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Դաշնային Հանրապետության միջև:
«Համաձայնագրի նպատակն այն է, որ փոխադարձության սկզբունքով կանոնակարգվեն այն դեպքերը, երբ անկանոն միգրացիոն հոսքեր կան ԵՄ տարածքում»,- ասաց նա և տեղեկացրեց, որ նախագիծն ինքնությունը չպարզված կամ անկանոն պրոցեսների արդյունքում ԵՄ որևէ երկրում հայտնված անձանց հետվերադարձման դեպքերի կանոնակարգումն է:
Անդրադառնալով վիճակագրությանը՝ Արփինե Սարգսյանը նշեց, որ 2023-ին ԵՄ երկրներից ստացվել է 411 հայց, որոնց մասով ՀՀ-ի պատասխանը 92,9 տոկոսով եղել է դրական: Դա ցույց է տալիս ՀՀ-ի պատրաստակամությունը՝ հետ ընդունելու այն բոլոր քաղաքացիներին, որոնք անկանոն միգրացիոն հոսքերի արդյունքում են հայտնվել ԵՄ տարածաշրջանում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ ինչն է փոխվում գործող օրենքում: Արփինե Սարգսյանը պարզաբանեց՝ նախկինում՝ մինչև ՀՀ-ԵՄ մեկ միասնական հովանոցի ներքո հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը, ՀՀ-ն ունեցել է երկկողմ համաձայնագրեր ոչ բոլոր ԵՄ պետությունների հետ, և խնդիր էր առաջանում այն տեսանկյունից, որ ԵՄ տարածաշրջանում տարբեր երկրներ տարբեր կերպ էին կարգավորում ռեադմիսիոն ընդհանուր պրոցեսները: Սա թույլ է տալիս մեկ միասնական քաղաքականություն վարել այդ հարցում:
«Օրինակ՝ կարող է ՀՀ քաղաքացին կեղծ անձնագրով հատել ԵՄ տարածքը, և ԵՄ որևէ երկրի Կառավարության համար տվյալ կեղծ անձնագրի հանգամանքը հայտնի լինի կամ հայտնի չլինի, և նրանք իրենց տվյալների բազայով չիդենտիֆիկացնեն այդ անձին՝ որպես օրինական հիմքերով տվյալ երկրի տարածքում բնակվող անձ: Եվ այս պայմաններում, ենթադրենք, եթե ամեն ինչ ակնհայտ է, այսինքն՝ անձը պարզ է, մնացած պրոցեսները կարգին են, կարիք չկա հաղորդակցվելու որևէ երկրի Կառավարության հետ, և ավտոմատ արտաքսման ռեժիմն է գործում:
Բայց այն իրավիճակներում, երբ քննարկման տեղիք կա, այսինքն՝ ԵՄ տվյալ երկիրը կամ ՀՀ-ն դեռևս պետք է քննարկեն հարցը և հասկանան՝ արդյոք անձը ենթակա՞ է ռեադմիսիայի՝ ՀՀ հետընդունման, թե՞ չէ, այս համաձայնագիրն ուղղված է այս հարաբերությունների կարգավորմանը և երաշխիքներ է ստեղծում ՀՀ քաղաքացու համար, որ եթե նա անօրինական, անկանոն միգրացիոն պրոցեսների արդյունքում հայտնվել է ԵՄ երկրի տարածքում, հետ ընդունվի ՀՀ, այլ չմնա օդից կախված ինչ-որ կարգավիճակի»,- ասաց նա:
Հարակից զեկուցող Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ նախագծի մասով ստացվել են դրական եզրակացություններ, այդ թվում՝ ՍԴ-ինը: Նա նաև պարզաբանեց, թե ինչու է այս համաձայնագիրն անհրաժեշտ ՀՀ-ին:
«Քանի որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում է, և ԵՄ-ն շատ կարևորում է, որպեսզի ընդհանուր առմամբ անկանոն միգրացիայի դեմ պայքարում կողմերը պատրաստակամություն հայտնեն իրենց քաղաքացիներին, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրներում, հետ ընդունելու, այն դեպքում, երբ այդ քաղաքացիները չունենան կարգավիճակ գտնվելու, որը համապատասխանում է այդ երկրների օրենսդրությանը»,- ասաց նա: