Գործադիրն առաջարկում է վերանայել պատվավոր կոչումների շնորհման ինստիտուտը: Այդ մասին նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ հիշեցնելով, որ գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց թվում են՝ ժողովրդական արտիստի, վաստակավոր նկարչի, մշակույթի վաստակավոր գործչի, տնտեսության վաստակավոր աշխատակցի, վաստակավոր մանկավարժի, վաստակավոր բժշկի և այլ կոչումներ:
«Այս պատվավոր կոչումների շնորհումը ներկայումս բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքային առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, իսկ Կառավարության քաղաքականությունը ներկայումս ուղղված է առանձին մասնագետների խրախուսմանը չափելի և կոնկրետ արդյունքների վրա հենված գործիքակազմով, օրինակ՝ վարկանիշային համակարգեր ստեղծելով, ոլորտային մրցանակաբաշխություններ իրականացնելով»,- ասաց փոխնախարարը և հավելեց, որ անհատ մասնագետներին պատվավոր կոչումներով խրախուսելու գործիքակազմը Կառավարության քաղաքականությունից չի բխում և չի ծառայում իր նպատակին, և որ առաջադեմ երկրներում պատվավոր կոչումների ինստիտուտ չկա:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց՝ կոչումներ ստանալու գործընթացը փոխարինվում է նոր ընթացակարգերո՞վ, թե՞ պարզապես օրենքը չեղարկում է գոյություն ունեցող բոլոր կոչումները:
Փոխնախարարը պարզաբանեց՝ անհատական ձևով Կառավարության, պետության կողմից անձին ժողովրդական կամ վաստակավոր կոչում շնորհելու գործընթացը դադարում է գոյություն ունենալ, իսկ ինչ վերաբերում է այլ գործիքակազմերին, վարկանիշային համակարգերի ներդրմանը և ոլորտային մրցանակաբաշխություններին, ապա պարտադիր չէ, որ դրանք Կառավարության կամ պետության կողմից իրականացվեն: Դրանք նաև ոլորտային, մասնագիտական հանրույթների կողմից կազմակերպվող միջոցառումներ են, որոնք ավելի հարիր են տարբեր մասնագիտական ոլորտներում գործունեություն իրականացնող անհատներին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը խնդրեց անդրադառնալ վիճակագրությանը՝ քանի՞ պատվավոր կամ վաստակավոր կոչում ունեցող անձ կա ՀՀ-ում: Փոխնախարարն անդրադարձավ վերջին 5 տարիների վիճակագրությանը. «Այս տարիների ընթացքում ընդհանուր առմամբ շնորհվել է 1181 պատվավոր կոչում»:
Նա նաև նշեց, որ այն անձինք, որոնք ստացել են այդ պատվավոր կոչումները, պահպանելու են իրենց իրավունքներն ու արտոնությունները, ստանալու են նաև համապատասխան գումարի չափը՝ մոտ 40 հազար դրամը, որն իրենց շնորհվում է ամենամսյա կտրվածքով: Արմենուհի Հարությունյանը պարզաբանեց, որ նախագիծը «կարծրատիպեր կոտրելու համար է», ապա հիշեցրեց, որ վաստակավորի և ժողովրդականի տիտղոսների շնորհումը ՀՀ-ն ժառանգություն է ստացել խորհրդային տարիներից. «Այս ժառանգությունից հրաժարվելու պատեհ պահն ու ժամանակն է»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խնդրեց պարզաբանել՝ նախագծի ընդունման դեպքում մարդիկ իրենց ստացած կոչումներից զրկվո՞ւմ են: Փոխնախարարը պարզաբանեց՝ կոչումներ ստացած անձինք շարունակելու են ստանալ օրենքով սահմանված գումարը և չեն զրկվելու դրանից:
Արտահերթ ելույթով հանդես եկավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա ևս հիշեցրեց, որ վաստակավորի և ժողովրդականի կոչում շնորհելը ԽՍՀՄ-ից ժառանգություն է, քանի որ ժամանակին մրցակցություն չի եղել, և պետությունն է որոշել՝ «այս մարդը կոմկուսին ձեռնտո՞ւ է»:
«Հարգանքը և ժողովրդականությունը կոչումներով չեն որոշվում: Այդ էլիտաները չկան: Կա մի էլիտա, դա ժողովուրդն է: Այդ էլիտաներին հանեցինք, բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց՝ զրո վարկանիշ ունեն... Ինստիտուտները ժողովրդի մոտ զրո վարկանիշ ունեն,- ասաց նա և հավելեց. - Այն չի պետությունը, որ ասում եք՝ դու այսօրվանից այսինչ մարդն ես, ուրեմն դու հեղինակություն ես: Ոչ մի երկրում, ոչ մի զարգացած երկրում նման բան չկա, դա սովետական ժառանգություն է»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ շատ արժանավորներ կան գործող ցուցակում, բայց կան նաև արժանավորներ, որոնք չկան. «Այո՛, կան մարդիկ այդ ցուցակում, որոնք կասկածելի են, բայց եկեք անկեղծ լինենք՝ ինչքան արժանավոր մարդ կա, որ այդ ցուցակում պետք է լիներ, բայց, մեր ընկալմամբ՝ մեր ցուցակում էր, բայց այդտեղ չէ»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որպես մեծ ժողովրդականություն վայելողների, նշեց Էմինեմին, Դրեյքին, որոնք աշխարհում ամենաշատ «սինգլներն» են վաճառում, ապա նշեց, որ նախագծի իմաստն այն է, որ պետությունը չպետք է որոշի՝ ով կարող է լինել ժողովրդական, ով՝ ոչ. «Եթե ինձ ինչ-որ մեկը կարողանա բացատրել, թե ինչո՞ւ է Արմենչիկը վաստակավոր արտիստ, իսկ Տիգրան Ժամկոչյանը՝ չէ, չեմ կարող հասկանալ»:
Գեղամ Նազարյանն իր ելույթի ժամանակ հիշեցրեց, որ ժամանակին կողմ էր խորհրդային ժառանգություն համարվող կոչումների շնորհումը չեղարկելուն, բայց նաև նշեց, որ մինչ օրենքի ընդունումը պետք էր ստեղծել երգի, կինոյի, թատրոնի ոլորտներում հեղինակավոր մրցանակաբաշխություններ և որակյալ հանձնաժողով, որի կարծիքն ընդունելի կլիներ բոլորի համար:
«Պետությունը պետք է զբաղվի, որ առաջին դասարանցին հասկանա՝ Արտաշ Ասատրյանը ստեղծում է ոչ թե արվեստ, այլ արհեստ, իսկ Առնո Բաբաջանյանը ստեղծում է արվեստ, և պետք է նմանվել նրան»,- ասաց նա:
Ամփոփիչ ելույթի ժամանակ Արմենուհի Հարությունյանը հայտարարեց՝ բոլոր առաջարկությունները քննարկելի են, և որ խնդիրը ոչ թե կոչումներ ստացողների կոչումները կասկածի տակ դնելն է, այլ այն, որ պետությունն իրավունք չունի որոշելու ոլորտի լավագույններին: