Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր, հատկապես Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, դիտվել են ձյան առատ տեղումներ: Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում կազմել է 90 սմ, Հրազդան-Ֆանտան հատվածում՝ 35-40 սմ, Գորիսում, Կապանում և Սիսիանում՝ 20-25 սմ, Մեղրիում՝ 15 սմ:
Արարատյան դաշտում ձյան ծածկը բացակայում է: Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր օդի ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով:
Նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի և Ծաղկահովտի հատվածներում՝ -17…-18 աստիճան ցուրտ:
Այսօր երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և առաջիկա 3 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 15-ի ցերեկվանից սկսած մինչև 17-ը ներառյալ հարավ-արևմուտքից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 12-16 աստիճանով, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում Երևանում՝ 6-10 աստիճանով: