ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Գավառում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ բացատրել է, թե ինչու է հանդիպումներ անցկացնում մարզերում կուսակիցների հետ:
«Այս հանդիպումներն ունենում ենք, որովհետև կարծում ենք, որ կուսակցությունը առողջ և կենսունակ լինելու համար պետք է մշտական գաղափարական քննարկումների պրոցես ունենա և այս հանդիպումները մեզ համար հիմնականում գաղափարական հարցեր քննարկելու հարթակ են և, իհարկե, մարզերում կուսակցության աշխատանքների հետ կապված խնդիրների և նաև ամենաբազմազան խնդիրների, բայց առաջին նպատակը հենց գաղափարական հարցեր քննարկելն է, որը մանավանդ այսօր և՛ կուսակցության, և՛ Հայստանի Հանրապետության համար շատ կարևոր է: Եվ այդ խոսակցությունը մենք ոչ միայն կուսակցական ֆորմատով ենք իրականացնում, այլ փորձում ենք դա դարձնել հայաստանյան քննարկման կարևոր թեմաներից մեկը»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ այդ քննարկումների առանցքում «հայրենիք» և «պետություն» հասկացությունների փոխհարաբերությունների հարցն է:
«Ուզում եմ ասել, որ այս տեսական խոսակցություններն ունեն նաև շատ պրակտիկ նշանակություն: Ես հիշում եմ, որ 2021 թվականից հրապարակային այդ թեմայով խոսում եմ և անընդհատ առաջ եմ քաշում հայրենասիրության այն մոդելի հարցը, որը մեր բոլորիս հավաքական մտքի մեջ կա: Ու հարցը շատ պրակտիկ է. 2024 թվականի աշխատանքային առաջին օրերը ես սկսել եմ այս հարցի շուրջ շատ խորը և լուրջ մտածումներով:
Երբ աշխատանքային առաջին օրն այցելեցի մեր նորակառույց դպրոցները, մարզադահլիճները, այդ այցերի տպավորություններով ավելի ահագնացավ այն խնդիրը, թե հայրենասիրության մոդելը որն է: Կառավարությունը, Կառավարության պատասխանատուները, մենք՝ բոլորս,այս հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք։ Որովհետև մենք ասում ենք՝ լավ, էս ի՞նչ է տեղի ունենում: Թվում է, թե ինչ հայրենասիրական ծրագիր է, մենք կառուցում ենք դպրոցներ և մարզադահլիճներ, բայց երբ գնում ենք, բախվում ենք իրականությանը, տեսնում ենք, որ իրականությունը մեր պատկերացումներից կտրված է։ Եվ էլի վերադառնում ենք հայրենասիրության մոդելի հարցին»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ հարց է ծագում, այն մարդիկ, որոնք այդ ամբողջ աշխատանքը անում են և միշտ չէ, որ լավ է ստացվում այդ աշխատանքը, այդ մարդիկ հայրենասեր չե՞ն:
«Ես ոչ կասկած չունեմ այդ մարդկանց հայրենասիրության մեջ, բայց խնդիրն այն է, որ մեր հավաքական ընկալման մեջ «հայրենասիրություն» հասկացությունը դեֆորմացվել է: Շատ հաճախ հայրենասիրությունը հասկանում ենք էն, որ ոտքի ենք կանգնում սեղանի շուրջ, կենաց խմում և հետո գնում-անում ենք մեր աշխատանքը և մեզ մոտ հարց չի առաջանում, թե ինչ որակով ենք անում այդ աշխատանքը: Այստեղ է ֆունդամենտալ պրոբլեմը: Շատ դեպքերում մենք էլ չենք նկատում մեր աշխատանքի թերությունը, որովհետև շատ բաներ մեզ համար սովորական են: Այստեղից են մեր բոլոր խնդիրները և այստեղ է մեր բոլոր պրոբլեմների լուծումը»,- ընդգծել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ մենք չպետք է խորշենք ինքներս մեզ հարց տալուց՝ ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է պետությունը, ի՞նչ է հայրենասիրությունը: