ԱՄՆ-ը հարվածել է Եմենում հութիների ռադիոտեղորոշիչ կայանին՝ հայտնում է Reuters-ը։ Հութիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքն էլ հաղորդել է, որ ամերիկյան և բրիտանական ռազմական ինքնաթիռները նոր ավիահարված են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային։
Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի հարվածներ հասցնել հութիների ուժերին, եթե նրանք չդադարեցնեն Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հարձակումները։ ԱՄՆ նախագահը հութիներին «ահաբեկչական» խմբավորում է անվանել: Նա նաև հավելել է, որ ինքն «արդեն ուղերձ է հասցրել Իրանին»։
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն էլ Եմենի շուրջ վերջին զարգացումների հարցով Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել հութիներին այն բանից հետո, երբ սպառել է Կարմիր ծովում նավագնացությանը սպառնացող վտանգները հաղթահարելու ոչ ռազմական տարբերակները:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի գործողություններն ինքնապաշտպանական բնույթ են կրում: Եգիպտոսի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել՝ Կարմիր ծովի հարավում վտանգավոր զարգացումները վկայում են, որ տարածաշրջանում հակամարտությունը կարող է ընդլայնվել:
Գազայի հատվածում սրվող էսկալացիայի ֆոնին երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հարվածել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման թիրախներին՝ խոցելով հութիներին պատկանող հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռադիոտեղորոշիչ կայանների տեղակայման վայրերը։ Հարվածներն իրականացվել են Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի և Նիդերլանդների աջակցությամբ։
Հութիների ղեկավարությունը նախազգուշացրել է՝ ի պատասխան կթիրախավորեն տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաները և կշարունակեն Կարմիր ծովում Իսրայելի հետ կապ ունեցող նավերի վրա հարձակումները: Reuters-ի տվյալով՝ առևտրային նավերի վրա հութիների հարձակումները լրջորեն խաթարել են միջազգային առևտուրը: