ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդանավերն ու ռազմանավերը հինշաբթի լույս ուրբաթ գիշերը հարձակվել են Եմենում հութիների խմբավորման ռազմական օբյեկտների վրա, որոնք վերջին մեկուկես ամսվա ընթացքում Կարմիր ծովում առևտրային նավերի որս են սկսել։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Եմենում 16 օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ՝ խոցելով ավելի քան 60 թիրախ՝ հրամանատարական կետեր, զենքի պահեստներ, արտադրական օբյեկտներ և հակաօդային պաշտպանության ռադարներ:
ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է, որ դա պատասխան է Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հութիների հարձակումներին, և որ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները չեն վարանի անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հարվածներ հասցնել:
Եմենի հութիներից Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու համար ստեղծված դաշինքի երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները համարում են օրինական ինքնապաշտպանություն։
Իրանը, սակայն, դատապարտել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումները Եմենի քաղաքների վրա՝ դրանք անվանելով միջազգային իրավունքի նորմերի աղաղակող խախտում:
Այդ հարցով Ռուսաստանը հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու խնդրանք է ներկայացրել։
Հութիների առաջնորդն էլ հայտարարել է. «Ամերիկացիների և բրիտանացիների բոլոր սպառնալիքները մեզ չեն վախեցրել և չեն վախեցնի և չեն ստիպի հրաժարվել մեր պարտականությունից՝ աջակցել Գազայի մեր եղբայրներին»։
Իրանի դաշնակից հութիներն ավելի են ակտիվացել, երբ Իսրայելը սկսել է պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ: Նախ՝ նրանք փորձել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակել Իսրայելի ուղղությամբ, ապա նոյեմբերին գրոհել են առևտրային նավերը։