2023-ի մեկնարկեց Մեղրիի մաքսային կետի կապիտալ արդիականացումը, որի արդյունքում նախատեսվում է, որ կստեղծվի միջազգային պահանջներին համապատասխանող մաքսային կետ, որը կծառայի որպես արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, այն է՝ 1 կետում տեղում բոլոր գործառույթները կիրականացվեն, և ապրանքները բաց կթողնվեն տվյալ կետից: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը՝ ամփոփելով մաքսային մարմնի մեկ տարվա աշխատանքը:
Ընթանում են նաև Բագրատաշենի անցման կետի արդիականացման աշխատանքները, որտեղ կավելացվեն հոսքուղիներ, կտարանջատվեն բեռնատարների և թեթև մարդատար ավտոմեքենաների ուղիները, ինչի արդյունքում ակնկալվում է, որ անցակետի թողունակությունը կկրկնապատկվի:
«Մարգարայի անցման կետն ամբողջությամբ կապիտալ նորոգված և պատրաստ է շահագործման»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը և հավելեց, որ ուղևորների պատշաճ սպասարկում իրականացնելու համար անցակետը համալրված է նաև մաքսային տեխնիկական միջոցներով, ենթակառուցվածքներով, լուծված է նաև սահմանապահների խնդիրը: