Հունվարի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Վահան Քերոբյանի ներկայությամբ, տեղի է ունեցել 4 կազմակերպությունների («Յու Էմ Ագրո» ՍՊԸ, «Ագրոպրո» ՓԲԸ, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ, «Ջի Էն Սի ալֆա» ՓԲԸ) հետ էկոնոմիկայի նախարարության՝ «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման շրջանակում փոխհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագրերի կնքման արարողությունը։ Էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագրերը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը։
Չորս ընկերությունների հետ կնքվող պայմանագրերով նախատեսվում է իրականացնել մոտ 17 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 668 աշխատատեղ։ Նախնական ներկայացված տվյալների համաձայն՝ կառուցված ենթակառուցվածքների դիմաց նախատեսվում է տրամադրել 1,031 մլրդ դրամ օժանդակություն։
Միջոցառման շրջանակում ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման (այդ թվում՝ ոռոգման նպատակով), ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։