Ուրբաթ՝ հունվարի 12-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Ուկրաինա։ Սպասվում է, որ նա կհայտարարի աջակցության նոր փաթեթի մասին, ինչպես նաև կստորագրի անվտանգության ոլորտում համագործակցության պատմական համաձայնագիրը:
Վարչապետի աշխատակազմը հիշեցրել է, որ Վիլնյուսի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում G7-ի երկրները պայմանավորվել են Ուկրաինային անվտանգության երկկողմ երաշխիքներ տրամադրել։
2024 թվականին ռազմական օգնության փաթեթի շրջանակներում Լոնդոնն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ հեռահար հրթիռներ, հակատանկային զենքեր և հրետանային արկեր։ Այդ մասին հայտնել է թագավորության վարչապետ Ռիշի Սունակը Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախօրեին Սունակը հաստատել էր, որ Մեծ Բրիտանիան 2024-25 թվականներին Ուկրաինային կտրամադրի 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ ռազմական օգնություն, ինչը 200 միլիոն ֆունտով ավելի է նախորդ երկու տարվա համեմատ: Առնվազն 200 միլիոն ֆունտ կծախսվի Ուկրաինայի համար հազարավոր ռազմական անօդաչու թռչող սարքեր արագ ձեռք բերելու և արտադրելու ծրագրի համար, ներառյալ՝ հեռահար հետախուզական, հարձակողական և ծովային անօդաչու սարքերը: Համաձայնագիրը Մեծ Բրիտանիային պարտավորեցնում է նաև Ռուսաստանի կողմից կրկնակի հարձակման դեպքում խորհրդակցել Ուկրաինայի հետ և արագ ու մշտական օգնություն ցուցաբերել նրա պաշտպանության համար: