Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ 2023 թ. սպորտի ոլորտում իրականացված աշխատանքներում առաջնային տեղ են գրավել միջազգային մրցաշարերի կազմակերպումը, մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումները և ենթակառուցվածքների բարելավումը:
2023 թվականին 35 մարզական ֆեդերացիաներին հատկացվել է 1 755 300 000 (մեկ միլիարդ յոթ հարյուր հիսունհինգ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Ֆեդերացիաներն անցկացրել են 98 ՀՀ առաջնություն, մասնակցել են 213 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, կազմակերպել են 169 ուսումնամարզական հավաքներ (տարբեր տարիքային խմբերով):
Տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, եվրոպական, ԱՊՀ, Ֆրանկոֆոնյան խաղերում ՀՀ հավաքականների մարզիկները նվաճել են 445 մեդալ (որից 25-ը՝ կանայք), այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե և 193 բրոնզե:
«Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով 2023 թվականին սպորտային նպաստ է ստացել 94 մարզիկ, 72 անձնական մարզիչ, 32 գլխավոր և ավագ մարզիչ, 13 բժիշկ և մերսող: ՀՀ կառավարության տարբեր ծրագրերով 2023 թ. 64 մարզիկ և մարզիչ ստանում են մինչև 500.000 դրամ, 24 մարզիկ և մարզիչ՝ 500.000-1 մլն դրամ, 2 մարզիկ՝ 1 մլն-ից ավելի ամսական նպաստ և անվանական թոշակ: 70 մարզիկ ստացել է տարեվերջյան մինչև 500.000 դրամ միանվագ պարգևատրում, 45 մարզիկ՝ մինչև 1 մլն դրամ, 91 մարզիկ՝ 1 մլն դրամից ավելի: Տարվա արդյունքներով ձեռքբերումների և նվաճումների համար 1 մարզիկ ստացել է ընդհանուր 18 մլն դրամ: 2023 թ. 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 5 մլն դրամով:
2023 թվականին ամսական պատվովճար են ստացել տարբեր տարիներին բարձր արդյունքներ ցուցաբերած 79 մարզիկներ: Տարեվերջյան միանվագ պարգևատրում են ստացել 15 մարզաձևից 205 մարզիկ, նրանց մարզիչները և մեծահասակների հավաքականների բժիշկները: 2022 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերած ՀՀ հավաքականների 130 մարզիկներին, նրանց անձնական 112 և հավաքականների 40 մարզիչներին նշանակվել է անվանական թոշակ՝ 2023 թ. հունվարի 1-ից:
ՀՀ-ում անցկացվել են 5 խոշոր մրցաշար.
-
ապրիլի 15-23-ը ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 40 երկրի 600 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե).
-
ապրիլի 23-ից մինչև մայիսի 4-ը բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 39 երկրի 350 մասնակիցներ (երիտասարդների Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե).
-
նոյեմբերի 10-12-ը սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 71 երկրի 700 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 5 արծաթ, 5 բրոնզ).
-
նոյեմբերի 12-ին՝ սպորտային պարերի աշխարհի երիտասարդների լատինամերիկյան առաջնությունը, որին մասնակցել են 33 երկրի 120 մասնակիցներ.
-
նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ն անցկացվել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 52 երկրի 450 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե):
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 61 մարզական կազմակերպություններին հատկացվել է 29 անվանում մարզական գույք:
Տարվա ընթացքում շարունակվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը, ինչպես նաև ընթացքում են եղել Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի մարզական համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգումը, Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ավարտման փուլում են: Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին: Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճներում իրականացվում են ուժեղացման աշխատանքներ:
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մարզական մասսայական միջոցառում՝ սիրողական խճուղային հեծանվավազքի, խճուղավազքի, լողի, սեղանի թենիսի, դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարերը, որոնց մասնակցել է 6496 մարդ: Իրականացվել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերը, այլ մարզական մասսայական միջոցառումներ: Ընդհանուր առմամբ նախարարության կողմից իրականացված մարզական մասսայական միջոցառումներին 2023 թվականին մասնակցել է 40228 մարդ: