ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սամվել Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Անդրանիկ Սիմոնյանը և Արամ Հակոբյանն ազատվել են ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոններից, այնուհետև վարչապետի որոշումներով՝ վերանշանակվել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Սամվել Հայրապետյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Հարությունյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Արամ Հակոբյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշված է ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից, իսկ վարչապետի որոշմամբ՝ վերանշանակվել:
Նշենք, որ 2023-ի դեկտեմբերի 22-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանը փոփոխություն կատարեց մի շարք օրենքներում և վարչապետին վերապահեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ու տեղակալներ նշանակելու որոշումը:
Հիմնավորման մեջ նշվում էր, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենին և տեղակալներին նշանակում և ազատում էր նախագահը: Նույն փոփոխությամբ այս պաշտոնյաները չեն համարվում այլևս զինվորական ծառայողներ, այլ հանրային պաշտոն են զբաղեցնում: