ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից:
Նշենք, որ 2023-ի դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում խորհրդարանը փոփոխություն կատարեց մի շարք օրենքներում և վարչապետին վերապահեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ու տեղակալներ նշանակելու որոշումը:
Հիմնավորման մեջ նշվում էր, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենին և տեղակալներին նշանակում և ազատում էր նախագահը: Նույն փոփոխությամբ այս պաշտոնյաները չեն համարվում այլևս զինվորական ծառայողներ, այլ հանրային պաշտոն են զբաղեցնում: