2023 թվականին ավելացված արժեքի հարկի գծով գանձված գումարը 2022 թվականի ցուցանիշը գերազանցել է 27 տոկոսով, իսկ ակցիզային հարկի գծով՝ 29 տոկոսով: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը՝ ամփոփելով մաքսային մարմնի մեկ տարվա աշխատանքը:
Ըստ Թամազյանի՝ 2023-ին 2022 թվականի համեմատությամբ աճ է գրանցվել տրանսպորտային միջոցների, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, ծխախոտային արտադրատեսակների, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ներմուծման, ինչպես նաև վառելիքաքսուքային հումքերի՝ բենզինի, դիզվառելիքի գծով:
Կարեն Թամազյանը ներկայացրեց նաև մեկ տարվա ընթացքում Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցների մասով թվային վիճակագրություն:
«2022 թվականին ներմուծվել է շուրջ 46 հազար, խոսքը թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մասին է, իսկ 2023-ին՝ շուրջ 84 հազար մեքենա: Ընդհանուր առմամբ 2023-ի ներմուծումն աճել է շուրջ 83 տոկոսով»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Ըստ Թամազյանի՝ ավտոմեքենաների ներմուծման կտրուկ աճը պայմանավորված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով, այն է՝ ավտոմեքենաները ՌԴ չէին ներմուծվում երրորդ երկրներից:
«Շատ դեպքերում աճը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ ներմուծվում էին հայկական ռեզիդենտ կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցներ և արտահանվում էին դեպի ԵԱՏՄ երկրներ, չնայած 2023 թվականի օգոստոսի 1-ից Ռուսաստանում ուտիլիզացիոն վճարի մասով կատարվեց որոշակի փոփոխություն, որի արդյունքում ՌԴ ներմուծվող ավտոմեքենաների մասով ներմուծման համար սահմանվեց մի քանի անգամ շատ ուտիլիզացիոն վճար»,- ասաց նա և նկատեց, որ դրա արդյունքում է, որ 2023-ի օգոստոսից ավտոմեքենաների ներմուծման տեմպը ՀՀ նվազել է: