Հունվարի 12-ին՝ ժամը 07։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ բախվել են BMW (վարորդ՝ Հ․ Հ․) և Opel (վարորդ՝ Է․ Խ․) մակնիշների ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են կայանած Honda և Nissan մակնիշների ավտոմեքենաներին. BMW մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում կա արգելափակված տուժած։
Փրկարարները հոսանքազրկել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները և փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները ևս երկու տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ BMW մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից դուրս են բերել արգելափակված քաղաքացուն, ում մահը արձանագրվել է «103» ծառայության աշխատակցի կողմից: