Երեկ տեղի է ունեցել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումը, որում քննարկվել են Ռուսաստանի վերջին ծանր ավիահարվածները՝ ասված է դաշինքի մամուլի հաղորդագրության մեջ:
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները խստորեն դատապարտել են Ուկրաինայում ռուսական ավիահարվածների ակտիվացումը, ինչպես նաև «Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայից ստացած բալիստիկ հրթիռների և Իրանից ստացած հարվածային ԱԹՍ-ների կիրառումը»:
ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ կշարունակեն Ուկրաինային ապահովել հիմնական ռազմական, տնտեսական և հումանիտար օգնությամբ։ Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները միայն ամրապնդում են Կիևի վճռականությունը և ՆԱՏՕ-ին ստիպում ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը:
Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստը տեղի է ունեցել դեսպանների մակարդակով և հրավիրվել է Ուկրաինայի պահանջով: Հանդիպումը նախագահել է Ստոլտենբերգը։