Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ԱԺ պետաիրավական գլխադասային հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախարարի տեղակալը նշել է, որ պատվավոր կոչումներն իրավակիրառ պրակտիկայում չեն ապահովում հետապնդած նպատակների իրականացումը: Ավելին` պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքներ ունենալու փոխարեն բացասական է ազդում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների ձևավորման վրա, մինչդեռ Կառավարության քաղաքականությունը ներկայումս ուղղված է առանձին մասնագետների խրախուսմանը՝ չափելի և կոնկրետ արդյունքների վրա հենված գործիքակազմով: Միջազգային առաջատար փորձի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ առաջադեմ երկրներում պատվավոր կոչումների ինստիտուտն առհասարակ առկա չէ:
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ՝ ինքնադրսևորվելու ու գործելու համար, ինչպես նաև ներդնել առողջ մրցակցության ձևավորման մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմ՝ առանձին մասնագիտական հանրույթների ներսում։