ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին: Նախագծով՝ ՊԵԿ-ում վարձատրության նոր համակարգ կգործի, որը հիմնված կլինի կատարողականի գնահատականի վրա: Միջազգային կառույցների իրականացրած դասընթացներին հաջողությամբ մասնակցելը և հավաստագիր ունենալը նույնպես կազդի հարկային և մաքսային ծառայողների վարձատրության վրա: Նախագծի նպատակն է ավելի գրավիչ դարձնել պետական ծառայությունը:
Ռուստամ Բադասյան (Պետական եկամուտների կոմիտեի նախագահ) - Ցանկանում ենք, որ հարկային և մաքսային ծառայողները լինեն մասնագիտական հմտություններ ունեցող: Դրա համար կարևոր է, թե նրանք ինչ վերապատրաստումներ են անցել և դրանց արդյունքում ինչ որակավորումներ ունեն: Հարկային և մաքսային ծառայությունների դեպքում գիտեք, որ հարկային և մաքսային մարմինները մասնակցում են մի շարք միջազգային կառույցների իրականացրած դասընթացներին: Ակնկալում ենք, որ այդ դասընթացներից առավել կարևորները կսահմանվեն Կառավարության ցանկով, և այդ ծրագրերին հաջողությամբ մասնակցելը և հավաստագիր ունենալը կազդի հարկային և մաքսային ծառայողների վարձատրության վրա: