Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին այցելել է Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներին և ձեռնարկված քայլերին։
Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել Ներքին գործերի նախարարության ամբողջական ձևավորման ուղղությամբ։ 2023-ին հաստատվել են նախարարության և ենթակա 3 պետական մարմինների կանոնադրություններն ու կառուցվածքը, նախարարության թվակազմը, որի արդյունքում ընդհանուր առմամբ կօպտիմալացվի 629 հաստիք՝ արդյունավետ կառավարում ունենալու և գործառույթների կրկնակիությունը բացառելու սկզբունքով։ Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների գերակշիռ մասն արդեն իսկ բաց և թափանցիկ մրցութային ձևաչափով ձևավորվել և գործում է։
ՆԳՆ ձևավորմամբ ոչ ոստիկանական գործառույթները (հատկապես պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները) տեղափոխվել են նախարարության տիրույթ։ Հաշվետու ժամանակահատվածում գործարկվել է քաղաքացիներին սպասարկող Արտաշատի հաշվառման-քննական բաժինը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան նոր լուծումներով և մոտեցումներով։
Ոստիկանության կառուցվածքային վերափոխման շրջանակներում ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց 4 հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն։ Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ. օրենսդրական, կառուցվածքային փոփոխությունները, կառավարման սխեմաները, տեխնիկական նոր հագեցվածության տեսլականը հստակեցված են։ 2023-ին Պարեկային ծառայությունը՝ որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել, ամբողջությամբ ներդրվել է ողջ հանրապետության տարածքում։ Պարեկային ծառայությունն ունի լիովին նոր նյութատեխնիկական հագեցվածություն, այդ թվում՝ գործարանային վիճակում գտնվող 631 ավտոմեքենա, որից 75-ը տրամադրվել է Եվրոպական միության կողմից։
Անդրադառնալով Պարեկային ծառայությանը և ընդհանրապես համակարգում նոր կադրերի գործունեության հետ կապված հարցին՝ վարչապետը նշել է. «Մեր ընկալումն այն է, որ հետագայում՝ երկարաժամկետում, Ոստիկանությունում աշխատելու միակ ուղին պետք է լինի Պարեկային ոստիկանությունը: Այսինքն, եթե որևէ մեկն ուզում է աշխատել Ոստիկանությունում՝ պետք է սկսի Պարեկային ոստիկանությունից, հետո իր կրթական ամեն փուլի համար վերապատրաստվի: Մարդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի աճելու և հասնելու մինչև Ոստիկանության ամենաբարձրագույն ղեկավար կազմ»:
Ընդգծվել է, որ յուրաքանչյուր մարզում Պարեկային ծառայությանը զուգահեռ ձևավորվել են նաև ծառայության գործունեությանն օժանդակող Օպերատիվ կառավարման կենտրոններ, որոնք հանդիսանում են քաղաքացիներից ահազանգերի ընդունման կենտրոններ, տալիս են անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մոտեցնում պարեկային կարգախումբ՝ ապահովելով դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարճ ժամանակահատվածում Ոստիկանության աջակցության ցուցաբերումը:
Սևանա լճում և ափամերձ տարածքներում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը, որը միտված է անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրացմանը: Ջրային պարեկային ծառայությունը համալրվել է նավերով, սկուտերներով, ռադիոկապի միջոցներով, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացներով, նաև կառուցվել և կահավորվել են մոդուլային շենքեր։
Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավման խթանման նպատակով հայտարարվել է նոր ընդունելություն, որտեղ գերակշիռ տեղերը հատկացվել են կին դիմորդներին։ Ընդունելության արդյունքներով 140 կին մասնակցել է ծառայության շարքերը համալրելու նպատակով անցկացվող քննություններին։
Նախորդ տարվա ընթացքում Ազգային ժողովի կողմից ընդունվել են Համայնքային ոստիկանության վերաիմաստավորմանն ու Քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Քրեական ոստիկանությունում կադրային համալրման նպատակով հայտարարված բաց մրցույթին կարող են դիմել նաև քաղաքացիական անձինք։ Քրեական ոստիկանի պաշտոնի նշանակումն իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում ուսումնառության միջոցով։
Տեղեկացվել է, որ 2023-ի ընթացքում հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, մշակվել, ներառական հանրային քննարկումների փուլ է անցել և միջազգային փորձաքննական դրական գնահատականի արժանացել «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նոր օրենքով բացառվում է Ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը, այն լինելու է մաքուր ոստիկանական ծառայություն՝ դուրս բերվելով «այլ զորքերի» կարգավիճակից։ Սրանով իսկ կբարելավվի նաև ոստիկանության գվարդիայի նկատմամբ քաղաքացիական ու խորհրդարանական վերահսկողությունը։
Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք ոստիկաններին հնարավորություն են տալիս անցնել ատեստավորում և աշխատավարձից բացի ստանալ նաև հավելավճար: Ատեստավորման արդյունքներով ոստիկանները կարող են կրկնապատկել իրենց դրամական ապահովումը։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունքներով է նաև, որ աճել է Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը։ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ 2023թ. հունվար-մարտ ամիսների համար Հայաստանի բնակչության շրջանում արվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որի արդյունքներով ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զբաղեցրել է երկրորդ տեղը 58% ցուցանիշով՝ բնակչության կողմից հայաստանյան կառույցների աշխատանքից բավարարված լինելու ցուցիչի գնահատմամբ:
Համաձայն միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական-տեղեկատվական պորտալի 2023-ին ներկայացրած «Հանցավորության և անվտանգության ինդեքսի» ամփոփ տվյալների, Հայաստանն ուսումնասիրված 142 երկրների շարքում զբաղեցնում է 7-րդ տեղը (2022 թ.՝ 8, 2018 թ.՝ 18): Երևան քաղաքն իր հերթին 416 քաղաքներից ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է:
Վարչապետը գոհունակություն է հայտնել արձանագրված արդյունքներից և նշել. «Իհարկե, այս տվյալները շատ լավն են, այս փուլի համար մենք գոհ ենք, բայց հույս ունեմ, որ միջազգային իմիջի առումով շատ ավելի լուրջ խնդիրներ ենք դնում մեր առաջ։ Այսինքն` եթե մենք այսօր, ցավոք, առայժմ միայն ներքին անվտանգության իմաստով այս կազմակերպության տեսակետից 7-րդն ենք, դա նշանակում է, որ խնդիր պետք է դնենք ավելի առաջ գնալ, և մեր նպատակը պետք է լինի ամենաանվտանգ երկիր լինելը: Եվ նույնն էլ մայրաքաղաք Երևանը:
Զբոսաշրջային կազմակերպություններն իրենց փաթեթները ձևավորելիս այսպիսի բաներին շատ մեծ ուշադրություն են դարձնում: Պետք է միշտ մատը զարկերակի վրա պահել, որտեղ հետընթաց ենք ունենում կամ առաջընթաց չենք ունենում՝ խորանանք, հասկանանք՝ ի՞նչն է պատճառը: Իհարկե, առաջին հերթին այս պրոցեսը կապված է Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատանքի հետ: Այսինքն՝ սա ամենակարևորն է: Մենք ամեն տարի այս ուղենիշը պետք է ունենանք մեր Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքը գնահատելիս»:
Նշվել է, որ 2023 թվականը Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի: Այս համատեքստում իրականացված մեծածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում 2023-ի 11 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 2.354-ով կամ շուրջ 2,5 անգամ (1.445-3.799), որից 2.287-ը թմրամիջոցների իրացման դեպքեր են: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք, որից 126-ը՝ իրացման դեպքեր են, իսկ 339-ը՝ ձեռքբերման։ Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 «խանութ» և 35 «ալիք»։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին և նշել. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ունենք դեպքերի աճ, ինչը նշանակում է նաև բացահայտման ցուցանիշի աճ։ Այստեղ կա բանավեճ, ավելի ճիշտ ոչ թե բանավեճ, այլ փաստարկներ։ Մեր գործընկերների մի մասն ասում է, որ եթե մենք առավել արդյունավետ պայքարելիս լինեինք թմրամիջոցների դեմ, դա պիտի պաշտոնական վիճակագրության մեջ արտահայտվեր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճի թվով։ Բայց ես չեմ կարող չհամաձայնել նաև նրա հետ, որ, այնուամենայնիվ, այն եզրակացությունն էլ, որ եթե այդքան բացահայտում ենք` նշանակում է՝ շատ է:
Այստեղ Ոստիկանության և քննչական մարմինների գործառույթն, իհարկե, պարզ է՝ բացահայտել, բայց նախ կիբեռտարածքում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հանցավորությունների և հարաբերությունների այս խնդրի հետ առնչվելու ռազմավարություն է պետք ունենալ: Երկրորդը, խնդրի հետ առնչվող միջգերատեսչական աշխատանքային խումբ է պետք ստեղծել, որպեսզի նրանք ինչ-որ առումով թիմային պատասխանատվություն ունենան: Հաջորդը, ես շատ եմ կարևորում կինոլոգիական ծառայության զարգացումն այս առումով: Եվ պետք է շատ հրատապ և առաջնային այս կոմպլեքս մոտեցմամբ գնալ առաջ»:
Զեկուցվել է, որ վերջին 38 օրերի ընթացքում հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհներին իրականացվել է ուժեղացված ծառայություն: ՃՏՊ-ների թիվը նշված ժամանակահատվածում նվազել է 396-ով, զոհերի թիվը՝ 17-ով: Ճանապարհների ուժեղացված ծառայությունը կրելու է շարունակական բնույթ:
Անդրադառնալով ՆԳՆ ենթակա Փրկարար ծառայությանը՝ զեկուցվել է, որ ատեստավորման հնարավորություն է տրվել նաև փրկարար ծառայողներին։ Համակարգում գերազանց ատեստավորված փրկարարն այսօր ստանում է 437.000 ՀՀ դրամ (զուտ) դրամական ապահովում՝ նախկին 232.000-ի (զուտ) փոխարեն։
Աղետների ռիսկի կառավարման, փրկարարական աշխատանքում նաև բնակչության մասնակցությունն ապահովելու, պետություն-համայնք փոխգործակցության արդյունավետությունը երաշխավորելու նպատակով Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքում ստեղծվել են մեկական արագ արձագանքման կամավորական թիմեր: Յուրաքանչյուր թիմում 12-ական կամավորներ անցել են համապատասխան դասընթացներ, նրանց հատկացվել է մասնագիտական արտահագուստ, անձնական պաշտպանիչ միջոցներ, նվազագույն փրկարարական գույք, առաջին օգնության պարագաներ: Հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայությունը համալրվել է 8 «Պոլարիս» մակնիշի ամենագնացներով։ Ձեռք են բերվել 2 անօդաչու թռչող սարքեր։
Աղետներին դիմակայունության բարձրացման միջոցառումների շրջանակում հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ Այն ձևակերպում է ՀՀ դիմակայուն զարգացման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետության համակարգային բարեփոխումների օրակարգն ու առաջնահերթությունները։ Ռազմավարական միջոցառումների իրականացումը միտված է հանրապետության դիմակայունության բարձրացմանը, ռեֆլեքսային մակարդակում աղետին արձագանքելու ունակ և անվտանգային մշակույթ կրող քաղաքացի ունենալուն:
Նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում անցկացվել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը, որն իր բնույթով և ծավալով աննախադեպ է եղել։ Ուսումնավարժանքին մասնակցել են միջազգային հումանիտար կազմակերպությունների և ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի միջազգային որոնողափրկարարական բազմանդամ թիմեր, դիտորդներ և միջազգային փորձագետներ:
ՆԳՆ ձևավորմամբ պայմանավորված՝ ներկայումս ընթանում է ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման գործընթաց, որի նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից: Մշակվում է միասնական կրթահամալիրի ձևավորման հայեցակարգ, որի նպատակն է ստեղծվելիք կրթահամալիրի կրթական ծրագրերի իրականացումը նպատակաուղղել Ոստիկանության գվարդիայի, Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության, Փրկարար ծառայության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կադրային պահանջարկը բավարարելուն, սկսած նշված համակարգեր առաջին անգամ ծառայության անցնելուց, մինչև ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացում, ուղղահայաց ու հորիզոնական կարիերային առաջընթացի ապահովում:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթական ենթակառուցվածքները պետք է ինտեգրել Ակադեմիական քաղաքում և սկսել նախ հայեցակարգային հատվածի նախագծումը: «Սպայական ավագ դպրոց, Սպայական համալսարան. վերնագիրը կա, բայց ինչպե՞ս ենք մենք սպայական ընդհանուր մի խմբից ինտեգրելու, դուրս բերելու տարբեր ուղղություններ՝ բանակ, ոստիկանություն, փրկարար ծառայություն, հատուկ ծառայություններ և այլն: Այստեղ շատ լուրջ միջգերատեսչական բովանդակային աշխատանք պետք է արվի, ես համոզված եմ, որ այդ ճանապարհով է պետք գնալ: Այն նոր բովանդակություն է ունենալու և դրանով իսկ ավելի բարդ է: Ընդհանրապես, մեզ պետք է մտածել երկրում օրգանիկ սպայական խավ ունենալու մասին: Այն շատ ֆորմալ չէ, հստակ գծագրված չէ, բայց սպայական խավը պետության համար ունի առանցքային նշանակություն»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կրիպտոարժույթների ոլորտում համապատասխան կարգավորումներին, զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, Փրկարար ծառայության բարեփոխումներին, վերջինիս տեխնիկական հագեցվածության ապահովմանը, ինչպես նաև այլ հարցերի: Այս համատեքստում վարչապետը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ: