2023 թվականը խիստ հագեցած էր այցերի տեսանկյունից: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տարվա ընթացքում կատարել է 40 պաշտոնական և աշխատանքային այց այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Այցերն իրականացվել են ինչպես այն երկրներ, որոնց հետ կան ավանդական բարեկամական հարաբերություններ, այնպես էլ երկրներ, որոնց հետ քաղաքական երկխոսության և ոլորտային համագործակցության զարգացումը մեծ ներուժ ունի: Բազմակողմ ձևաչափով, նախարար Միրզոյանը մասնակցել է ինչպես միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ մասնակցությամբ ավանդաբար կազմակերպվող միջոցառումներին, այնպես էլ միջազգային համաժողովների. օր.՝ ՀՀ-ն առաջին անգամ ներկայացված էր Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկի՝ միջազգային անվտանգային հարցերով համաժողովին:
Այցերն իրականացվել են լայն աշխարհագրությամբ՝ Նյու Յորքից մինչև Նյու Դելի: Միաժամանակ, դրանց կեսն իրականացվել է եվրոպական ուղղությամբ, այդ թվում՝ ԵՄ և առանձին անդամ երկրներ: Մերձավոր Արևելքի ուղղությամբ կատարած այցերից առանձնահատուկ նշանակություն ուներ մարտին այցը Եգիպտոս, որի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ մասնակցեց Արաբական պետությունների լիգայի՝ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը:
Արտերկրում ԱԳ նախարարն ունեցել է շուրջ 150 հանդիպում, ինչպես նաև ավելի քան 50 հանդիպում ՀՀ ժամանած պատվիրակությունների, այդ թվում՝ 14 արտաքին գործերի նախարարների հետ:
Տարվա ընթացքում կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարի և օտարերկրյա գործընկերների թվով 18 համատեղ մամուլի ասուլիս, այդ թվում՝ Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի, ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ:
Ընդգծենք, որ բոլոր այցերի ու հանդիպումների օրակարգում են եղել համապատասխան երկրների ու կառույցների հետ երկկողմ համագործակցության, գործընկերության խորացման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մարտահրավերների հաղթահարմանն ու Հարավային Կովկասում կայունության և ամուր խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»,- ասված է հաղորդագրությունում: