Կառավարությունը հավանություն տվեց «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց. ««Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքների նախագծերի փաթեթով կարող ենք 2 մեծ նպատակ առանձնացնել. 1. թափանցիկության ապահովումն է. այսինքն՝ խաղային գործունեության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների շրջանառության նկատմամբ հսկողությունը լինի առցանց եղանակով, օնլայն ռեժիմով. 2. պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է»:
Բադասյանի խոսքով՝ առաջին նպատակի առումով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապտասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ: «Սերտիֆիկացման փաստը ստուգվելու է օպերատորի կողմից, օպերատորը սահմանվում է Կառավարության կողմից մրցութային կարգով, և բոլոր այդ խաղային արտադրանքները պետք է միացված լինեն մոնիթորինգային կենտրոնին: Մոնիթորինգային կենտրոնում մենք տեղեկություն կունենանք օնլայն ռեժիմով կատարված խաղադրույքի, ստացված շահման և մնացած այլ տեղեկատվության մասին»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Հաջորդ կարգավորումը, որը սահմանվել է, այն է, որ արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը ՀՀ տարածքում: «Այս մասով ևս մշակված են միջոցառումներ՝ ինչպես պրակտիկայում դա բացառել»,- նշեց Ռուստամ Բադասյանը:
Հաջորդ նորամուծություններից մեկն այն է, որ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: «Սա նշանակում է, որ որևէ խաղային սարքավորում, երբ որ սերտիֆիկացվում է, ունի որոշակի ժամանակահատվածում որոշակի համամասնությամբ շահում ապահովելու հնարավորություն: Եթե հիմա հնարավոր չէ դա ստուգել, որովհետև բացակայում է սերտիֆիկացումը, և չկա միացում մոնիթորանգային կենտրոնին, ապա օրենքի կարգավորումները ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր կլինի ստուգել»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Նա նշեց, որ օրենքով ներդրվող պատասխանատու խաղի միջոցառումների շրջանակում մի շարք սահմանափակումներ են դրվում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին. խոսքը օնլայն և կենդանի մոլեխաղերի մասին է: «21 տարին չլրացած անձինք չեն կարող մասնակցել, պետական բյուջեից ֆինանսավորման կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորմամբ որևէ ծրագրից օգտվող քաղաքացիները չեն կարող մասնակցել, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու են: Դրանք արդեն օրենքում սահմանված են, բայց եթե Կառավարությունը հետագայում որոշի որևէ սոցիալական խմբի սահմանափակել, մոնիտորինգային կենտրոնի և միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր է հեշտությամբ դա իրականացնել»,- ասաց Բադասյանը:
Նա նշեց, որ նախարարական կոմիտեում քննարկվել են օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի հարցերը: «Հիմա նշված է, որ ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից, և 6-ամսյա ժամկետում ընդունում ենք ենթաօրենսդրական ակտերը, հնարավոր է ԱԺ-ում քննարկման արդյունքում մի փոքր հետաձգենք, սահմանենք 2025 թվականի հունվարի 1-ից, որովհետև տարբեր դրույթներ տարբեր ժամկետներում կարող է ուժի մեջ մտնել, և կազմակերպչական աշխատանքները պատշաճ կերպով կատարվեն»,- ասաց Ռուստամ Բադասյանը: