ՀՀ ԱԳ նախարարը հայտարարություն է տարածել Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում
Մեծարգո՛ պարոն Գերապետրիտիս,
Ձերդ գերազանցություն, իմ լավ բարեկամ,
Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը։ Սա մեզ համար տարվա առաջին պաշտոնական այցն է, և այս առումով ևս բավականին խորհրդանշական է: Ձեր այցը համերաշխության կարևորագույն դրսևորում է մի ժամանակաշրջանում, երբ մենք իսկապես զգում ենք այդ համերաշխության և աջակցության կարիքը, պարո՛ն նախարար:
Հայ և հույն ժողովուրդների միջև բարեկամությունը, իհարկե, գնում է դարերի և հազարամյակների խորքը, և՛ հայկական, և՛ հունական պետականություններն են սերտ համագործակցություն ունեցել պատմության տարբեր դրվագներում, բայց անդրադառնալով մեր ժամանակակից պետություններին՝ Հայաստանի Հանրապետությունը Հունաստանի հետ անցած 30 տարիների ընթացքում հաջողել է կառուցել ամուր գործընկերային, բարեկամական հարաբերություններ, մեր օրակարգը բավականին հարուստ է բոլոր ոլորտներում: Ինչ վերաբերում է մեր այսօրվա այցին, անշուշտ, այսօրվա այցը և հադիպումը ևս շատ լավ հնարավորություն էր անդրադառնալ այդ օրակարգին, նոր լիցք հաղորդել հարաբերություններին, մի քայլ առաջ մղել մեր ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, անդրադառնալ բազմաթիվ թեմաների՝ տնտեսությունից, անվտանգությունից, պաշտպանությունից մինչև մշակույթ: Մենք նախանշեցինք նաև այս տարվա համար մեր գործողությունները՝ մի յուրօրինակ, կարելի է ասել, ճանապարհային քարտեզ՝ սկսած բարձրաստիճան պաշտոնական այցելություններից մինչև տարբեր ոլորտներում միջոցառումներ: Իհարկե, շատ մեծ դեր այստեղ կարող է ունենալ տարվա առաջին կիսամյակում նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Ես շնորհակալություն եմ հայտնել նաև իմ հույն գործընկերոջը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում Հունաստանի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Մենք իսկապես տրամադրված ենք զարգացնել այդ հարաբերությունները՝ հիմնված այն արժեքների վրա, որ մենք կիսում ենք Հայաստանում, Հունաստանում և Եվրոպական միությունում. խոսքը, բնականաբար, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և մյուս արժեքների մասին է: Եվ ես ակնկալում եմ Հունաստանի հետագա աջակցությունն այս գործընթացում ևս:
Պետք է նշել, որ մեր համագործակցությունը բավականին արդյունավետ և ինտենսիվ է նաև բազմակողմ հարթակներում, և սա վերաբերում է նաև առանձին եռակողմ ձևաչափերի, որ մենք ունենք Հունաստանի հետ: Մենք մտադիր ենք այս ձևաչափերով ևս շարունակել մեր համագործակցությունը:
Իհարկե, հարգելի՛ գործընկերներ, իմ գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը հանգամանալից կերպով ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո, ինչպես նաև խաղաղության գործընթացը: Ներկայացրել եմ խաղաղության գործընթացի մանրամասները, խնդիրները, ծրագրերը և նախաձեռնությունները, որոնցով Հայաստանի Հարնապետությունը հանդես է եկել՝ որպես լուծում, օրինակ «Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման հարցում և, իհարկե, մյուս մանրամասները: Ընդգծել եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին և բարդություններին, չնայած դանդաղեցումներին և ապակառուցողականությանը, որոնց մենք ականատես ենք լինում որոշ դեպքերում, ՀՀ-ն վճռական է և հաստատակամ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու խաղաղության բանակցությունները, և մենք հավատում ենք, որ երկուստեք կառուցողական մոտեցման ցուցաբերման դեպքում, քաղաքական կամքի դեպքում մենք շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում:
Եզրափակելով, մեծարգո՛ պարոն նախարար, ուզում եմ շնորհակալություն հայտնել այցի համար և հայտնել վստահություն, որ սա միայն մեկ օրն էր մեր շատ ինտենսիվ և՛ բարեկամական, և՛ եղբայրական հարաբերությունների: