Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, աշխատակազմի և Արթիկի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր հետևել է Արթիկ համայնքի թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների ընթացքին։
ՀՀ Կառավարության տրամադրած միջոցներով 2023 թվականին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են «Այ քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 369 միլիոն 684 հազար։
Մարզպետը շրջել է շենքերում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, զրուցել շինարարների հետ․
«Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում բավական լուրջ միջոցներ են ուղղվել Արթիկում մանկապարտեզների կառուցման ու նորոգման համար, այնպես որ, մեզ մնում է անել հնարավորը՝ միջոցները նպատակային ծախսելու, աշխատանքներում որևէ թերացում բացառելու, ժամանակին ավարտին հասցնելու համար։ Ժամկետների առումով եղանակային պայմանները բարենպաստ չեն, սակայն պետք է ներքին հարդարման աշխատանքներն այնպես իրականացվեն, որ այս առումով ևս խնդիրներ չառաջանան»։
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են շենքերի վերանորոգման, տարածքների բարեկարգման աշխատանքներ:
Պատասխանատուների հավաստմամբ՝ շինարարության ավարտը նախատեսվում է 2024 թվականին:
Մուշեղ Մուրադյանն այցելել է նաև Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակ։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և «Արհովշին» ընկերության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 միլիարդ 521 միլիոն 500 հազար դրամ է: Ընթացքի մեջ գտնվող դպրոցի կառուցման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին: