ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել է մարտական դիրքում զինծառայող Միքայել Սամվելի Դանիելյանի մահվանը՝ նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ։
Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր գործողությունները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում
հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: