Դեռ, իսկապես, երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում, բայց ուզում եմ վստահեցնել, որ հիմա քննարկման սեղանին են մի շարք գործողություններ և կոնկրետ ծրագրեր: Այդ մասին Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանը, ինտենսիվ կերպով և չնայած բոլոր մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները, շարունակում է տարբեր ոլորտներում այդ բարեփոխումների գործընթացը, և մենք համոզմունք ունենք, որ այդ բարեփոխումները ևս իրենց հերթին Հայաստանն ավելի են մոտեցնում Եվրոպական միությանը:
Ուզում եմ նաև ընդգծել, որ այժմ Հայաստանի համար հատկապես անվտանգային հարթության վրա կենսական, չափազանց կարևոր նշանակություն ունի Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը: Սա ևս կարևորագույն մի գործոն է, որն անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի գոտում, և սա ևս մի ոլորտ է ու թեմա է, որը ենթակա է շարունակական զարգացման:
Բոլորովին վերջերս ԵՄ-ն որոշում ընդունեց ավելացնել, մեծացնել և երկարաձգել այս քաղաքացիական առաքելության մանդատը, ինչը ողջունվեց ՀՀ-ի կողմից:
Ամփոփելով ուզում եմ ասել, որ սա ճանապարհ է, որ դեռ պետք է անցնենք ավելի մեծ քայլերով, ավելի ինտենսիվ քայլերով և, իհարկե, Հունաստանի աջակցությամբ»,- ասաց Միրզոյանը: