Խաղաղությունը պետք է խարսխված լինի մի քանի սկզբունքների վրա: Այս մասին Հունաստանի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը առանց որևէ այլևայլության: Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի»,- ասաց Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը այն հարցերն են, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ որևէ անորոշություն:
«Որևէ անորոշություն մեծ հիմք է և պարարտ հող հետագա ագրեսիաների և էսկալացիաների»,- ասաց Միրզոյանը:
Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ հաջորդ սկզբունքը, որն ուզում են տեսնել հաստատված խաղաղության մեջ, տարածաշրջանի տնտեսական կապուղիների ապաշրջափակումն է:
«Մենք շահագրգռված ենք այս կապուղիների ապաշրջափակմամբ: Մենք վստահ ենք, որ այս ապաշրջափակումը պետք է տեղի ունենա մի քանի պարզ, հիմնարար և արդար սկզբունքների հիման վրա՝ այդ ենթակառուցվածքները պետք է մնան կոնկրետ այդ երկրների իրավազորության ներքո: Ամեն ինչ պետք է արվի փոխադարձության սկզբունքներով»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է բանակցությունների շարունակմամբ.
«Ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի ունենալ ադրբեջանական կողմի համաձայնությունը, և շարունակել մեր բանակցությունները»: