ՀԱՄԱՍ-ը և ՑԱՀԱԼ-ը հայտնում են փոխադարձ հարվածների մասին: The Jerusalem Post-ը գրում է, որ Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր ՑԱՀԱԼ-ի զոհված զինծառայողների թիվը հասել է 519-ի: Իսկ Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հատել է 23 հազարը:
Իսրայելական կողմը հայտնում է Լիբանանի տարածքում գործող «Հեզբոլլահ» շարժման հրամանատարներից մեկի սպանության և ռազմաօդային ուժերի ջոկատի վերացման մասին: ԶԼՄ-ները գրում են, որ Լիբանանի հետ սահմանին լարվածության ֆոնին Իսրայելի առողջապահության նախարարությունը զգուշացրել է երկրի բուժհաստատություններին պատրաստվել, քանի որ, հնարավոր է, հազարավոր տուժածների ընդունելու անհրաժեշտություն առաջանա:
ՑԱՀԱԼ-ը նաև շարունակում է զորաշարժերը Հորդանան գետի արևմտյան ափին: Ահաբեկչական գործունեություն իրականացնելու կասկածանքով 10-ից ավելի մարդ է ձերբակալվել: Արևմտյան ափին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր 2600 անձ է բերման ենթարկվել: