Հունվարի 9-ին լրացել է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Օրվա շրջանակում իրականացված միջոցառումներն ամփոփվել են Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ «Գյուրջիև» և «Բարեկամություն» համույթների կատարումներով: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, արվեստասեր հանրության ներկայացուցիչներ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել մեծանուն արվեստագետի հոբելյանի կապակցությամբ:
«Հոբելյանական տարին կնշվի ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում արվեստի տարբեր ոլորտների դրսևորումներով՝ ինչպես դասական, այնպես էլ նոր ձևաչափերով՝ համահունչ փարաջանովյան մոտիվներին: Շուտով Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական տարին կմեկնարկի նաև Ֆրանսիայում. նախատեսված են միջոցառումներ ժամանակակից պարի և թատրոնի ոլորտներում»,- ասել է Դանիել Դանիելյանն՝ ընդգծելով, որ Փարաջանովն այն արվեստագետն է, որը մշտապես ոգեշնչում է երիտասարդներին՝ ստեղծելու նոր ոճեր ու արժեքավոր ստեղծագործություններ՝ նրա իսկ ներշնչանքով:
Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենի պարտականությունները կատարող Մարիաննա Մանուչարյանի խոսքով՝ Փարաջանովը չի սիրել տոնել իր տարեդարձը, և սովորաբար այն նշել է որդու՝ Սուրենի ծննդյան օրը. «Սակայն թանգարանի հիմնադրման առաջին իսկ օրից հունվարի 9-ը վերածվել է յուրահատուկ տոնակատարության՝ ամենամյա գեղեցիկ ավանդույթի ձևավորմամբ, որի հեղինակը թանգարանի հիմնադիր լուսահոգի Զավեն Սարգսյան էր: Վստահ եմ՝ այսօր նրանք հոգեպես մեր կողքին են»:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ներկայացրել է կինոկենտրոնի գործունեությունը՝ Փարաջանովի արվեստի հանրահռչակման ուղղությամբ: Ըստ նրա՝ Փարաջանովի՝ Հայաստանում նկարահանված 2 ֆիլմերը՝ «Նռան գույնը» և «Հակոբ Հովնաթանյան», վերականգնվել են միջազգային չափանիշներին համարժեք ամենաբարձր որակով: «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը տպագրվել է նոր ժապավենի վրա: Այն առաջին հայկական ֆիլմն է, որը ներկայացվել է Փարիզի «Պոմպիդու» կենտրոն՝ որպես թանգարանային նմուշ: Ֆիլմը հանձնվել է նաև Նյու Յորքի MoMA՝ Ժամանակակից արվեստի թանգարան, ինչն աննախադեպ իրադարձություն է և նոր հեռանկարների հնարավորություն կինոոլորտում:
Հոբելյանական տարին շնորհավորել է նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ Կիևում ևս նշվում է նշանավոր հոբելյանը: Դեսպանը թանգարանի հիմնադրի՝ Զավեն Սարգսյանի այրուն՝ Նեդա Դալալյանին է հանձնել Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության (АОКС) հեղինակած հուշամեդալը՝ Փարաջանովի պատկերով։
Նախարարությունից հիշեցնում են, որ ձևավորվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողով, և ողջ տարվա ընթացքում նախատեսվում են հոբելյանն արժևորող բազմաթիվ ծրագրեր: