Հունվարի 10-ին՝ ժամը 10:09-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից Ջերմուկի խաչմերուկ ընկած հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրին ՆԳՆ ՓԾ-ից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 145-րդ կմ-ին բախվել են Mitsubishi (վարորդ՝ Մ. Ս., ծնված 1962 թ.), Renault (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1981թ.), Volvo (վարորդ՝ Լ. Ա., ծնված 1982 թ.) և «ՎԱԶ» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Renault և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաների վարորդներն արգելափակվել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ս. Հ.-ն, Լ. Շ.-ն և Ա. Շ.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներրը, արգելափակումից դուրս բերել Mitsubishi և Renault մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակները գնահատել են բավարար։