Հարկային և Վարչական դատավարության օրենսգրքերում ու «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթով վարչարարական մի շարք փոփոխություններ են նախատեսվում: Թեմատիկ ստուգումների ընթացքի և դրանց արդյունքների հիմնական նպատակներից մեկը տեսաձայնագրումն է: Կատարված վարչարարական միջոցառման և արձանագրված խախտումների մասով որպեսզի հետագայում վեճ չառաջանա, թեմատիկ ստուգումների ավելի պարզ տեսաձայնագրում է առաջարկվում իրականացնել: Մասնավորապես, հսկիչ գնումների՝ ՀԴՄ-ների թեմատիկ ստուգման շրջանակում նախատեսվում է հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասեր տեսաձայնագրել: Այսինքն՝ ստուգմանը նախորդող հատվածը, բուն հսկիչ գնման հատվածը չի տեսաձայնագրվելու, որից հետո տեսաձայնագրվելու է կատարված խախտման արձանագրման գործընթացը:
Չգրանցված աշխատողի դեպքում ամբողջ գործընթացը տեսաձայնագրելու հնարավորություն կա, ինչպես նաև բոլոր մյուս թեմատիկ ստուգումների դեպքում՝ ակցիզներ, դրոշմապիտակի ստուգում: Դրական առումով սա երկկողմանի փոփոխությունն է. թե՛ տնտեսվարողը, թե՛ ՊԵԿ-ը կարող են համոզվել թե՛ վարչարարության օրինականության, թե՛ կատարված խախտումն արձանագրելու օրինականության առումով: Առաջարկվում է շրջանառությունը 24 մլն դրամը գերազանցող առևտրի օբյեկտներին օրենքով պարտադրել ունենալ հսկիչ դրամարկղային մեքենայի հետ կատարվող գործողությունները տեսախցիկի տիրույթում պահելու կանոն: Եթե հետագայում տնտեսվարողը չընդունի, օրինակ՝ հսկիչ գնման փաստը, ապա տեսաձայնագրումը վկայակոչելու և այդ ապացույցը ներկայացնելու հնարավորություն կլինի: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով վերոնշյալ կարգավորումները՝ այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նշվել է, որ փոփոխություն կա նաև իրեր, փաստաթղթեր, էլեկտրոնային ծրագրեր վերցնելու, առգրավվելու ընթացակարգի մեջ. այս հարցում դատական հսկողություն է սահմանվում: Էլեկտրոնային կրիչներն առգրավվելուց հետո դրանց զննությունը թույլատրվելու է միայն նախնական դատական հսկողությամբ, այսինքն՝ դատական սանկցիա է անհրաժեշտ՝ հետագայում որոշակի ֆայլեր վերծանելու համար:
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է ՀՆԱ-ի հարաբերակցությամբ քանակային և գումարային առումով ՀԴՄ-ների փոփոխությամբ: Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ անցած տարվա համեմատ ՀԴՄ-ների տպման թե՛ գումարային, թե՛ քանակային 7 տոկոսի աճ կա: «Մեր կանխատեսմամբ՝ այս տարի առնվազն 0,5 և ավելի տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում կունենանք»,- նշել է նա:
Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի՝ ՊԵԿ-ի տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ տեխնիկական միջոցների՝ տեսախցիկների ձեռքբերման գնում է իրականացվում ոչ միայն հարկային, այլ նաև մաքսային ծառայողների համար:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ կարծիք է հայտնել, որ պարզաբանման կարիք ունի հարկային աշխատողների տեսախցիկների հետ կապված գործընթացը: «Տեսուչը տեսանկարահանում է ամբո՞ղջ գործընթացը, նաև գնմա՞ն պահը, թե՞ որոշակի մաս բաց է թողնում: Եթե նկարահանում է նաև վաճառողին ու նաև խոսակցությունը, կա տեսակետ, որ դա միջամտություն է անձնական կյանքին»,- նշել է պատգամավորը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ փոփոխությամբ հարկային մարմնի կողմից տեխնիկական միջոցները կարող են օգտագործվել ոչ գաղտնի եղանակով: Թեմատիկ հարկային ստուգման ընթացքում իրականացվող հսկիչ գնման շրջանակում տեխնիկական միջոցներն օգտագործվում են մինչև հսկիչ գնում կատարելու պահը և կատարված հսկիչ գնման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում խախտման արձանագրման ընթացքում: Նրա խոսքով՝ առանձնահատկություն է սահմանված նաև հսկիչ գնման համար:
Պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին արձագանքելով՝ Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ փոփոխությունները վերաբերելու են միայն առևտրային ոլորտին:
«Մենք գաղտնի տեսանկարահանում չենք իրականացնելու, մենք զգուշացնելու ենք տեսաձայնագրման փաստի մասին: Դա արվելու է բացահայտ, ոչ գաղտնի մեթոդով»,- շեշտել է ՊԵԿ նախագահն ու առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկները քննարկելու և լրամշակելու պատրաստակամություն է հայտնել:
Հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձ է եղել նաև տնտեսվարողի գործունեությունը խաթարող գործոններին, տնտեսվարողների իրավունքների պաշտպանությանը, գործունեության կասեցման հիմքերին, առգրավման գործընթացներին և այլն:
Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: