ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի և կից օրենսդրական փաթեթի նպատակը հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացումն է. այս մասին ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
«Եթե հարկ վճարողն իր հաշվարկով հարկային պարտավորություն է առաջացնում, բնականաբար, պետք է սահմանված ժամկետում նաև վճարի: Եթե չի վճարում, մենք ասում ենք այս նախագծով, որ քեզ հիշեցնելու ենք քո պարտավորության մասին: Եթե 7 օրվա ընթացքում չի կատարում այդ պարտավորությունը, ապա գանձման որոշում ենք կայացնում, արգելադրում ենք բանկային հաշվին առկա միջոցները, եթե առկա են, շարժական և անշարժ գույքը, և վարույթը շարունակվում է: Եթե 1 ամսից կրկին պարտավորությունները չի մարում կամ չի դիմում, որ ժամանակացույց կիրառվի և այլ միջոցառումներ իրականացվեն, ուղարկում են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն»,- պարզաբանել է Ռուստամ Բադասյանը: Նրա տեղեկացմամբ նախատեսվում է օրենսգրքից հանել նաև բողոքարկման իրավունքը, ինչը հաճախ չարաշահում են հարկ վճարողները: «Այսինքն՝ եթե բողոքարկվի, սրա կատարումը չի կասեցվելու»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը:
Այսինքն՝ ըստ հիմնավորման՝ կնախատեսվի չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում նշված պարտավորությունների գանձման նպատակով արգելանք կիրառելու ընթացակարգ, մասնավորապես, հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելուց հետո 30-օրյա ժամկետում հարկային պարտավորությունները չդադարելու դեպքում հարկային մարմինը որոշումը և չկատարված պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով կներկայացնի ԴԱՀԿ՝ հարկադիր կատարման նպատակով:
Քննարկման արդյունքում առաջարկ է եղել վերանայել արգելադրվող գումարի չափը:
Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թ. հունվարի 1-ից և կտարածվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած հարկային պարտավորությունների վրա: Փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ի նիստում: