Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համաձայնագրերը խթանում են ՀՀ և ԵՄ միջև վիզաների ազատականացման երկխոսությունն ավելի կառուցողական հենքի դնելուն: Սա թույլ է տալիս ընդգծել ՀՀ պատրաստակամությունը հետ ընդունելու այն անձանց, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում. այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ի նիստի ժամանակ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության և Ավստրիայի Դաշնային կառավարության միջև` «ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
«Գործնականում ունեցել ենք միջազգային պայմանագրին բնորոշ ընթացակարգերը. արդարադատության և ֆինանսների նախարարությունների կողմից կա դրական դիրքորոշում: Սահմանադրական դատարանի որոշմամբ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»,- տեղեկացրել է ներքին գործերի փոխնախարարը:
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ նախկինում Հայաստանն ունեցել է երկկողմ ռեադմիսիոն համաձայնագրեր ԵՄ անդամ տարբեր պետությունների հետ, սակայն այդ փաստաթղթերն այլևս չեն գործում, և պետությունները ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակից բխող պարտավորություն ունեն երկկողմ առանձին ռեադմիսիոն համաձայնագրեր կնքելու: Նա ընդգծել է, որ վերը նշված համաձայնագիրը դրանցից մեկն է:
Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը պարզաբանել է, որ նմանատիպ համաձայնագրերը ոչ թե ԵՄ կողմի պարտադրանք են, որ ինչ-որ գործընթաց իրականացվի, այլ երկկողմ հարաբերությունների կանոնակարգմանն ուղղված, փոխհամաձայնեցված պատրաստակամության օրինակ: «Սա թույլ է տալիս հավաստել, որ Հայաստանը պատրաստակամ է ընդունել իր այն քաղաքացիներին, որոնք ոչ թե օրինական հիմքերով բնակվում են ԵՄ անդամ երկրներում, այլ հակառակը՝ ինքնությունը չպարզված է, չունեն անձնագրեր կամ կեղծ փաստաթղթերով հայտնվել են ԵՄ անդամ երկրներում»,- նշել է փոխնախարարը:
Հարակից զեկուցող Հռիփսիմե Գրիգորյանի գնահատմամբ՝ այս համաձայնագրով կոչ է արվում կողմերին երկկողմ կիրարկման արձանագրություններ ևս ստորագրել և վավերացնել: Այդ արձանագրություններով գործընթացը դառնում է ավելի կանոնակարգված: Պատգամավորը տեղեկացրել է, որ առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պատասխանատու գերատեսչություններից եզրակացությունները և որոշումները:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: