ԱՄՆ պետքարտուղարն Իսրայելում է: Էնթոնի Բլինքենը հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ:
Իսրայելի նախագահը նշել է, որ «չկա ավելի անհեթեթ բան, քան Արդարադատության միջազգային դատարան Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացված հայցը, որով Իսրայելը մեղադրվում է պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար: Հերցոգը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին՝ Իսրայելին աջակցելու համար:
«Մենք Արդարադատության միջազգային դատարանում հպարտությամբ կներկայացնենք մեր իրականացրած ինքնապաշտպանական գործողությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում»,- ավելացրել է Իսրայելի նախագահը:
ԱՄՆ պետքարտուղարը Իսրայելում հանդիպել է նաև Բենիամին Նեթանյահուի հետ: Կողմերը քննարկել են Գազայի հատվածի հետպատերազմյան հեռանկարը, ինչպես նաև պատանդների ազատ արձակմանն ուղղված ջանքերը:
Այսօր ավելի ուշ նախատեսվում է, որ Բլինքենը կհանդիպի Իսրայելի ռազմական կաբինետի հետ, ինչպես նաև Յոավ Գալանտի և Բենի Գանցի հետ: