Նախագծի ընդունմամբ կամրագրվեն թանգարանային ոլորտի հասկացությունները, թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության պետական թանգարանում ժամանակավոր պահպանության հանձնելու, թանգարանի ֆոնդերը թանգարանային առարկաներով համալրելու, հաշվառելու, հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների և հավաքածուների աջակցության ձևերը: Այս մասին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 9-ին կայացած հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ հանձնաժողովի անդամներին առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Թանգարանների մասին» օրենքի նախագիծն ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Զեկուցողի խոսքով օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է Կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարման պահանջով:
«Կարգավորումների ընդունման արդյունքում կհստակեցվեն լիազոր պետական մարմնի լիազորությունները, ՀՀ ազգային թանգարանային հավաքածուի կազմը, դրանում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունը, ժամանակավոր արտահանումը և այլն: Կամրագրվեն թանգարանների օգտագործման նպատակները, թանգարանների խորհրդի լիազորությունները»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը: Նա հավելել է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև բնագավառում կկարգավորվեն իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունները:
Պատգամավորները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, որոնք վերաբերել են թանգարանների կարգավիճակի հստակեցմանը, ոլորտում աշխատողների թվին ու նրանց աշխատավարձերի բարձրացմանը, պետական թանգարանների նմուշների օտարման հնարավորությունների արգելքին և այլ թեմաների:
Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: Թագուհի Ղազարյանը տեղեկացրել է, որ նախարարության հետ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթն առավել հանգամանալի քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Պատգամավորը խոսել է թանգարանային նմուշների պահման պայմաններից, թանգարանների կառավարման ձևից և դրա արդյունավետությունից: Թագուհի Ղազարյանը կոչ է արել դրական եզրակացություն տալ առաջարկվող նախաձեռնությանը:
Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել օրենսդրական փաթեթի ընդունմանը:
«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով: Հանձնաժողովը որոշել է հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովում կազմակերպել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումներ: