Համաձայնագրի վավերացումով կկարգավորվի գիտական աստիճաններին վերաբերող փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը: Նպատակը ԵԱՏՄ անդամ պետությունում աշխատանքի տեղավորման, աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիության ապահովումն է այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 9-ի նիստում ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին, մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման պլանի միջոցառումներից մեկն է: Նպատակն է գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով վերացնել աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները` հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրը:
Հիմնական զեկուցողի խոսքով՝ ներկա պահին համաձայնագիրը չեն վավերացրել Հայաստանն ու Ղազախստանը:
Հարակից զեկուցող, պատգամավոր Նարեկ Բաբայանը, ընդգծելով նախագծի դրական ազդեցությունը Հայաստանում գիտության և տնտեսության զարգացման հարցում, կարևորել է համաձայնագրի վավերացումը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: