ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին, որոնք հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական գործունեությունը շարունակելու հնարավորություն չեն ստացել՝ հաշվի առնելով «Հանրակրթության մասին» օրենքի պահանջն ու կամավոր ատեստավորման արդյունքները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
ԿԳՄՍ նախարարը, կարևորելով բազմափորձ ուսուցիչների վաստակն ու ներդրումը կրթական համակարգում, շեշտել է, որ դեռևս 2010 թվականին «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է բարձրագույն կրթության պահանջ բոլոր ուսուցիչների համար:
«Այս նպատակով տրվել է որոշակի ժամանակահատված, որը 2018 թվականին արդեն իսկ մեկ անգամ երկարաձգվել է: Միջին մասնագիտական կրթություն ունեցող շատ ուսուցիչներ այդ ընթացքում ստացել են բարձրագույն կրթություն և կարգավորել են խնդիրը: Նախորդ տարի, օրենքի այդ պահանջը հաշվի առնելով, լրացուցիչ հնարավորություն ընձեռեցինք ուսուցիչներին՝ հասկանալով, որ գուցե օբյեկտիվ պատճառներով շատերը չեն հասցրել կամ չեն կարողացել ապահովել բարձրագույն կրթություն ստանալու խնդիրը: Կամավոր ատեստավորման արդյունքում միջին մասնագիտական կրթությամբ բազմաթիվ ուսուցիչներ, որոնք անցյալ տարվա օգոստոսից պետք է ազատվեին աշխատանքից, այսօր շարունակում են մանկավարժական գործունեությունը: Որևէ նոր պահանջ չի սահմանվել. օրենքի պահանջը կատարելով` մենք չենք ցանկանում հրաժարվել մեր փորձառու ուսուցիչների ներուժից, որովհետև այդ հարցը կարևոր է նաև մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է աջակցել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում՝ առաջարկելով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, եթե նրանք նման ցանկություն ունենան: Մասնավորապես, ուսուցիչներին առաջարկվել է իրենց տվյալներն ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ նշելով, թե ինչ կրթություն ունեն և որ ուղղություններով են ցանկանում շարունակել բարձրագույն կրթությունը: Տվյալների հավաքագրումից և ամբողջացումից հետո կպատրաստվի Կառավարության որոշման նախագիծ՝ տվյալ մասնագետների ուսման վարձի փոխհատուցումը կազմակերպելու նպատակով:
Ժաննա Անդրեասյանը նաև առաջարկել է ուսուցիչներին կարճաժամկետ հեռանկարում դիտարկել ուսումնական հաստատություններում այն հաստիքները զբաղեցնելու հնարավորությունը, որոնց դեպքում բարձրագույն կրթության պահանջ սահմանված չէ: Խոսքը, մասնավորապես, գրադարանավարի, լաբորանտի, օպերատորի, նախակրթարանի դաստիարակի հաստիքների մասին է: Այս նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից առաջիկայում Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին շրջաբերական գրություն կուղարկվի, որով կառաջարկվի այս հաստիքներում նախևառաջ դիտարկել միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժների ընդգրկման հարցը, եթե նրանց մասնագիտական կարողություներն ու հմտություններն կբավարարեն տվյալ հաստիքի համար սահմանված պահանջներին:
ԿԳՄՍ նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ քննարկել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման հարցը` մեկ անգամ ևս մանրամասն դիտարկելով ավելի վաղ տրված պարզաբանումները: