2021 թվականին ընդունվել են երկու կարևոր՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքները, որոնցով պայմանավորված՝ 2022 և 2023 թվականներին անձի ֆունկցիոնալության ներդրման համակարգին վերաբերող ևս 15 օրենք է փոփոխության ենթարկվել: Դրանք անհրաժեշտ էին առաջին մակարդակում նոր կարգավորումների գործարկման համար՝ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 9-ի նիստի ժամանակ:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հիմնական զեկուցողի խոսքով՝ շրջանառվում են կից գերատեսչություններին վերաբերելի օրենքներ, և եզրութաբանական տեսանկյունից պատշաճ կիրառում ապահովելու նպատակով կատարվում են վերոնշյալ փոփոխությունները, հասկացությունները ներդաշնակեցվում են:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի քայլերի հաջորդականությամբ: 2024 թվականից բժշկասոցիալական փորձաքննությունը փոխարինվում է անձի ֆունկցիոնալության գնահատմամբ: Նա հարցրել է՝ ֆունկցիոնալության գնահատման համար ի՞նչ քայլերի հաջորդականությամբ անձը պետք է գործի:
Նախարարի տեղակալը պարզաբանել է, որ վերափորձաքննության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի վատթարացման պատճառով ֆունկցիոնալության գնահատման համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց՝ սպասարկում իրականացնող բնակչության բժշկական օգնություն տրամադրող առաջնային օղակ (պոլիկլինիկա կամ հիվանդանոց): Տաթևիկ Ստեփանյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է հատուկ համակարգ, որով անձի համապատասխան բժշկական հետազոտությունների հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով ուղեգրում է կատարում, և քաղաքացին որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չի ունենա: Այնուհետև անձը կարող է մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (գործում է 49 նման կենտրոն)՝ հատուկ աշխատակիցների օգնությամբ լրացնելու դիմում: Քաղաքացիները կարող են նաև օնլայն եղանակով լրացնել վերոնշյալ դիմումը, որից հետո որոշակի ժամկետում գնահատման օրվա վերաբերյալ կստանան համապատասխան ծանուցում:
Պատգամավորները հարցեր են ուղղել նախարարի տեղակալին նոր համակարգի ներդրման առանձնահատկությունների վերաբերյալ, որոնց առնչությամբ տրվել են մանրամասն պատասխաններ:
Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն: