Գերմանիայում ֆերմերները վերսկսել են իրենց բողոքի ակցիաները։ Հունվարի 8-ից մեկնարկել է մեկշաբաթյա գործադուլը: Ցուցարարները փակել են մի քանի դաշնային մայրուղու խաչմերուկները երկրի տարբեր մասերում:
Ըստ ZDF-ի՝ ոստիկանությունն արդեն ցրել է Ներքին Սաքսոնիայում 100 տրակտորի մասնակցությամբ ցույցը: Բացի այդ, ավելի քան հազար բեռնատար և տրակտոր է շարժվում դեպի Մայնց, իսկ Դյուսելդորֆում բողոքի ցույցերի առաջնորդները փոխել են իրենց երթուղին և անցնելու են քաղաքի կենտրոնով։
Գերմանացի մեքենավարների GDL արհմիությունն էլ հայտարարել է եռօրյա գործադուլ, որը կսկսվի հունվարի 9-ի երեկոյան՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։
Ֆերմերները բողոքում են ընդդեմ հարկային արտոնությունների կրճատման ծրագրերի: Գերմանիայի կառավարությունը որոշել է ֆերմերներին զրկել դիզվառելիքի սուբսիդավորումից և չեղարկել անտառտնտեսության և գյուղատնտեսության մեջ օգտագործվող մեքենաների արտոնյալ հարկումը։ Ծրագրերի հայտնի դառնալուց հետո՝ 2023 թվականի դեկտեմբերին, ֆերմերները բազմաթիվ բողոքի ցույցեր են անցկացրել ամբողջ երկրում։
Հունվարի 4-ին Գերմանիայի նախարարների կաբինետը որոշել է ճշգրտել իր մտադրությունները՝ չեղարկել նպաստները ոչ թե անմիջապես, այլ աստիճանաբար և ոչ ամբողջությամբ։ Բայց դա ֆերմերներին չի գոհացրել, և նրանք որոշել են շարունակել ակցիաները։ Ցուցարարները ծրագրել են բողոքի ցույցերի հերթական շարքը մինչև հաջորդ երկուշաբթի՝ հունվարի 15-ը, այդ օրը Բեռլինում տեղի կունենա մեծ հանրահավաք: