Չինական պետական նավագնացության հսկա COSCO Shipping-ը, որին բաժին է ընկնում համաշխարհային առևտրի մոտ 11%-ը և աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում բեռնարկղային բեռնափոխադրումների ոլորտում, դադարեցրել է նավարկել Իսրայելի նավահանգիստներ։ Այդ մասին հայտնել է իսրայելական Globes տնտեսական պարբերականը:
Իսրայելում COSCO-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: Իսրայելական նավահանգստի ներկայացուցիչները հայտարարել են, որ ստուգում են տեղեկությունը:
Վերջերս իսրայելցի ձեռնարկատերերը բազմիցս նշել են, որ դժվարություններ են ունենում չինական չիպերի և այլ էլեկտրոնային բաղադրիչների ներմուծման հարցում, որոնք անհրաժեշտ են տեղական բարձր տեխնոլոգիաների համար: Նրանց կարծիքով՝ Չինաստանի իշխանությունները միտումնավոր բարդացնում են այդ գործընթացը։ Խոսքը երկակի նշանակության արտադրանքի մասին է, որը կարող է օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար։
Ըստ Globes պարբերականի՝ չինական կողմի որոշումը կայացվել է ոչ այնքան Կարմիր ծովում հուսիների հարձակումների, որքան պաղեստինցիներին աջակցելու պատճառով: