Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մտադիր է մասնակցել հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին և հաջողության դեպքում թողնել իր ներկայիս պաշտոնը։ Իր մտադրությունների մասին քաղաքական գործիչը հայտնել է կիրակի օրը բելգիական լրատվամիջոցներին։ Լրագրողների հետ զրույցում նա շեշտել է, որ աշխատելու է մինչև իր պաշտոնավարման վերջին օրը՝ ընտրողների հետ առերեսվելու իր որոշումը որակելով որպես «պատասխանատու քայլ»։
Նա նշել է, որ Եվրամիության ղեկավարները կքննարկեն իր իրավահաջորդի հարցը հունիսին կամ օգոստոսին: Միշելը նշել է, որ կմնա խորհրդի նախագահի պաշտոնում մինչև Եվրոպական խորհրդարանի պատգամավորական երդումը, որը նախատեսված է հուլիսի 16-ին։ Եվրոպական խորհրդի հաջորդ նախագահը պետք է ընտրվի ԵՄ 27 ղեկավարների մեծամասնության կողմից։ Եթե չհաջողվի իրավահաջորդ ընտրել, ԵՄ խորհրդի նախագահությունը ժամանակավորապես կստանձնի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի երկիրը հուլիսից ստանձնում է միության նախագահությունը:
48-ամյա Շառլ Միշելը ԵՄ անդամ 27 երկրների կառավարությունների ղեկավարների խմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի վերջից: Մինչև այդ եղել է նաև Բելգիայի վարչապետ: