Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությանը մասնակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել 17 մարդ՝ լրագրողների հետ զրույցում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Նա նշել է, որ առաջադրվածներից 7-ն արդեն ստորագրություն են ներկայացրել ԿԸՀ՝ թեկնածությունը գրանցելու համար. 3 անձի թեկնածությունն արդեն գրանցվել է, 4 հոգու փաստաթղթերը կքննարկվեն առաջիկա օրերին։
Այսօր լրանում է թեկնածուների գրանցման համար 40 հազար ընտրողի ստորագրությամբ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը։ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին ԿԸՀ-ն գրանցել էր գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից։ Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան փետրվարի 7-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ հայտնել է, որ Ադրբեջանում ավելի քան 6 միլիոն 300 հազար ընտրող կա։
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը բոյկոտում են ընտրությունները՝ պնդելով, որ դրանց արդյունքները արդեն որոշված են: Իրավապաշտպաններն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ առաջադրված թեկնածուներն ուղղակի կամ անուղղակի կապեր ունեն իշխանությունների հետ, իսկ նրանց մեծ թիվը մրցակցային ընտրությունների պատրանք ստեղծելու նպատակ ունի։
Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսաշարում: