Հունվարի 8-ի գիշերը և առավոտյան ռուսական զորքերը զանգվածային հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Երկրի ամբողջ տարածքում օդային հարձակումների նախազգուշացում է հայտարարվել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են հրթիռակոծության և ռուսական «Կինժալ» հրթիռների արձակման սպառնալիքի մասին։
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ իր ամենօրյա զեկույցում հաստատել է, որ երկուշաբթի՝ հունվարի 8-ի առավոտյան, ռուս զինվորականները բարձր ճշգրտության ծովային և օդային հենակետային զինատեսակներով, ներառյալ «Կինժալ» գերձայնային հրթիռային համակարգը, խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։
Ռուսական կողմը պնդում է, որ հարձակումների թիրախները եղել են կարևոր ենթակառուցվածքները, արդյունաբերական քաղաքացիական և ռազմական օբյեկտները Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Խմելնիցկիի շրջաններում։ Ուկրաինական կողմի տվյալներով խոցվել են նաև բնակելի թաղամասեր ու կոմերցիոն օբյեկտներ, կան զոհեր և վիրավորներ:
Հունվարի 8-ի գիշերը Ուկրաինայի տարածքը ենթարկվել է նաև ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումների: Ուկրաինական ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել բոլոր ութ ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը և 51 հրթիռներից 18-ը: Մյուս 33-ը գերարագ հրթիռներ էին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերն օրվա ընթացքում որսացել են Ուկրաինայից արձակված HIMARS բազմակի հրթիռային համակարգի հինգ ռեակտիվ արկ և տարբեր շրջաններում ոչնչացրել ուկրաինական 14 անօդաչու թռչող սարքեր։