Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով նիստը: Այս նիստին ևս Խաչատրյանը դատարան էր բերվել անվասայլակով՝ շտապօգնության մեքենայով:
Նախատեսվում էր, որ այս նիստին կհարցաքննվի վերջին՝ առանցքային վկան՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, սակայն Խաչատրյանի պաշտպանը հայտարարել է, որ անհապաղ միջնորդություն պետք է ներկայացնի, իսկ երբ դատարանը չի թույլատրել այդ պահին ներկայացնել, պաշտպանը ինքնաբացարկի և բացարկի միջնորդություն ներկայացնելու մասին է հայտարարել:
Դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվել է, իսկ ինքնաբացարկի միջնորդություն չի հասցրել ներկայացնել, քանի որ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացել է:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացման համար: