ՀՀ ՊԵԿ-ի ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված հսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: Հայտարարագրված ծխախոտի քաշը կազմել է շուրջ 13 տոննա: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Որոշ ժամանակ անց ընկերությունը՝ արտահանման նպատակով ներկայացված մաքսային հայտարարագիրը չեղարկելու համար, դիմել է ՊԵԿ։ «Բաց թողնումը չեղարկված» կարգավիճակ ստանալուց հետո ընկերությունը ապրանքները մաքսային հսկողության գոտուց դուրս է բերել և ապրանքը չի տեղափոխել ընկերության արտադրամաս, փոխարենը տեղափոխել է այլ մասնավոր տարածք՝ առանց ակցիզային դրոշմանիշների ծխախոտային արտադրանքն անօրինական ճանապարհով իրացնելու նպատակով։
Բեռնատարի ամբողջ շարժը գտնվել է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների հսկողության ներքո: Արդյունքում կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ: Գործին առնչվող փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։