Էրեբունի վարչական շրջանում մենք ունենալու ենք նոր քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ տեղեկացնելով, որ շահող կազմակերպությունը քրեակատարողական հիմնարկի կառուցման համար ընտրված տարածքում այս պահին երկրաբանական և գեոդեզիական ուսումնասիրություն է իրականացնում:
«Մենք ունենալու ենք նոր բանտ, նոր բանտի մոդելը կա, ամեն ինչը նախագծված է, մոդելավորումը կա, և նոր բանտի հարցը լուծում է:
Նաև բանտերի բեռնաթափմանն ուղղված մի քանի միջոցառում ենք արել, և դրա ամենակարևոր ձեռքբերումը՝ տարվա նոու-հաուն, պրոբացիայի ծառայության կերպարանափոխումն է հատուկ ծառայության, և առաջին անգամ ՀՀ-ում տնային կալանքի և վարչական հսկողության ինստիտուտի ներդրումն է»,- ասաց նա:
Նախարարը ներկայացրեց նաև նոր մոդելի ներդրման օգուտները քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման գործում:
«2023 թվականին 860 տնային կալանք և վարչական հսկողություն է իրականացվել, այսինքն՝ 900 մարդ չի հայտնվել բանտում, և մեր դատավորներին հնարավորություն է տրվել, տնային կալանք և վարչական հսկողություն կիրառելով, այդ մարդկանց չտանել բանտերը: Դա ոչ միայն բեռնաթափմանն է ուղղված, այլև շատ կարևոր միջոցառում է՝ վերասոցիալականացմանն ուղղված»,- ասաց Մինասյանը: