Հայաստանում դատավորների, քննիչների ծանրաբեռնվածությունը որևէ մեկի համար գաղտնիք չէ: Միայն առաջին ատյանի յուրաքանչյուր դատավոր տարեկան 1600-1800 գործ է քննում: Կառավարության նախաձեռնած արմատական դատաիրավական բարեփոխումների առանցքային, վերջնական նպատակը անկախ դատական համակարգի ստեղծումն է, սակայն նախատեսվում էր նաև ծանրաբեռնվածության խնդրի լուծում: Առաջարկվող բոլոր տարբերակներում կարևոր բաղադրիչը աշխատավարձերի բարձրացումն էր: Ընդգծվում էր՝ այն պայմանները, որ առաջադրվում են դատավորներին՝ չկաշառվել, բիզնեսով չզբաղվել և այլն, առանց աշխատավարձի էական բարձրացման գրավիչ չեն կարող լինել մարդու ճակատագիր որոշող այդ մասնագետների համար:
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրանա 206 դատավորի աշխատավարձ: Արդեն իսկ բարձրացվել են քննիչների, դատախազների աշխատավարձերը: Իսկ Ազգային անվտանգության ծառայության, Պրոբացիայի ծառայողների, քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար աշխատավարձերի բարձացումն իրականացվել է ատեստավորման հնարավորությամբ: Շրջանառվում է նաև հարկադիր կատարողների՝ ատեստավորմամբ ավելի բարձր աշխատավարձ ստանալու նախագիծը:
Դատաիրավական համակարգում իրականացված բարեփոխումները որքանով են մոտեցրել անկախ դատական համակարգ ունենալու վերջնանպատակը. 2023-ի արդյունքները Անի Օհանյանն է ամփոփել: